Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Ձեռքի աշխատանքներից մինչև «Հատիկ» բենդ․ «Հյուսնի տունը» Տավուշի մարզի պատանիներին ստեղծագործել է սովորեցնում (տեսանյութ)

 Գուրգեն Դալյանը Իջևանում հիմնադրել է «Հյուսնի տուն» անունը կրող արտադրական արհեստանոց, ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող՝ սոցիալական ձեռներեցության համակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում (SEED) ծրագրի շրջանակներում, որը Հայաստանում իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն։

Շուրջ 6 ամիս է «Հյուսնի տանը» Իջևանի պատանիները հնարավորություն ունեն զբաղվել փայտամշակման, զոդման և արհեստագործական այլ աշխատանքներով։

Գուրգենը մասնագիտությամբ դիզայներ է։ Ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճուղը․

««Հյուսնի տունը» այս պահին չորս աշակերտ ունի, որոնց հետ մշակում ենք փայտը։ Պատվերներ ենք ունենում։ Դրանք վաճառում ենք։ Այս ծրագրի գլխավոր նպատակը երիտասարդներին անվճար սովորեցնելն է»,- պատմում է Գուրգեն Դալյանը, նշելով, որ գաղափարը վաղուց ուներ, սիրում էր նկարել, վերանորոգել, իսկ հիմա իր փորձը փոխանցում է նրանց, ովքեր ցանկություն ունեն սովորելու, հմտանալու։

«Հյուսնի տան» հիմնադրի խոսքով՝ սա շատ լավ հնարավորություն է երիտասարդների համար, որպեսզի հետագայում աշխատանք ունենան։ Սեփական տարածք դեռ չունեն, բայց այդ ուղղությամբ աշխատում է։ Արսենը 17 տարեկան է՝ «Հյուսնի տան» առաջին սաներից է։ Ինչպես ինքն է ասում՝ շատ է սիրում այս գործը և ցույց է տալիս իր ձեռքի աշխատանքները՝ փայտե մոմակալ, գանձատուփ…«Մինչև աշխատելը Գուրգենի հետ մոտ ենք եղել։ Ասեց, որ ծրագիր կա՝ համաձայնեցի»,- պատմում է Արսեն Մարգարյանը։

Դեռ հստակ չի որոշել ինչ մասնագիտություն կընտրի, բայց շատ է սիրում իմպրովիզներ անել։ «Հյուսնի տան» հիմնադիրը միայն փայտամշակությամբ չի սահմանափակվել։ Ընկերների հետ, մեկ տարի առաջ, հիմնադրել են «Հատիկ» բենդը և տարբեր երգերով են հանդես գալիս։ Գուրգենը խմբի երգիչն է։ Ճիշտ է, երաժշտական կրթություն չունի, բայց շատ է սիրում երգ- երաժշտություն։

«Խմբով հանդես ենք գալիս սրճարաններում, երբեմն միջոցառումների մասնակցելու հարավերներ էլ ենք ստանում։ Երկու գործն էլ հավասար սիրում եմ»,- պատմում է հյուսն-երաժիշտը։ Գուրգեն Դալյանը նպատակ ունի ընդլայնել, զարգացնել բիզնեսը՝ դրանով նպաստել մարզում զբաղվածության խնդրի լուծմանը։