Ինչու սուբսիդավորված պարարտանյութը գյուղացուն չի հասել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության որոշումից երկու ամիս անց գյուղատնտեսները բողոքում են, որ չեն օգտվել պարարտանյութի սուբսիդավորման ծրագրից։
Մարտի 3-ին Կառավարությունը որոշում կայացրեց սուբսիդավորել պարարտանյութի արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան մեկ պարկի դիմաց 9000 դրամը։ Ներկրում պետք է իրականցվեր երեք երկրներից՝ Պարսկաստանից, Վրաստանից և ՌԴ-ից։
Կառավարության որոշումից հետո սահմանված կարգով մատակարար կազմակերպությունները հայտ ներկայացրեցին մասնակցելու ծրագրին։
Ընդհանուր թվով 15 կազմակերպություն ընդգրկվեցին այդ ցանկում, և որոնք համապատասխան կարգով տրամադրվեց համայնքներին, որպեսզի գործընթացներն իրականան։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանել է, թե որն է ուշացման պատճառը, անդրադարձել գյուղատնտեսությանը վերաբերող հարցերին:
«Այս ընթացքում ճիշտ է տեղի ունեցան որոշակի եղանակային անոմալ դրսևորումներ, որոնք պատճառ հանդիսացան գյուղատնտեսական սեզոնի ուշ մեկնարկին, և որոշ լոգիստիկ դժվարություններ առաջացրեցին։ Հիմնականում դժվարությունները կապված էին Լարսի անցակետում մեծ հերթերով, ինչպես նաև լոգիստիկ դժվարություններով՝ անանցանելիությամբ։ Սակայն այսօրվա դրությամբ ՀՀ ներմուծվել է շուրջ 16 000 տոննա պարարտանյութ, որից մատակարարվել է շուրջ 8000 տոննա պարարտանյութ և գործընթացը շարունակվում է»,- ասաց նախարարի տեղակալը։
Բացի այդ․ «եղել են համայնքներ, որոնք հայտ են ներկայացրել այն կազմակերպություններին, որոնք ՌԴ-ից պետք է ներկրեին», ու ներմուծումները իրականացնելու դժվարություններ ունեն։ Արման Խոջոյանը խորհուրդ է տալիս օգտվել շուկայում առկա այլ ներկրող մատակարարներից։ Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում գյուղատնտեսական ապրանքների գնաճը կանխելու ուղղությամբ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ասաց, որ մինչ պարարտանյութի սուբսիդավորման ծրագրի որոշումը ուսումնասիրել են, թե ինչ հետևանքներ կունենա պարարտանյութի գնի բարձրացումը այս կամ այն գյուղատնտեսական ապրանքների վրա։
«Կառավարության որոշումը նրա մասին էր, որ ապրանքների գները ի սկզբանե ավելի բարձր չլինեն։ Այդպիսով դեռ վերջնական արտադրանքը չունենալով՝ կանխել գնաճը»,-պարզաբանեց Արման Խոջոյանը։