«Դինամոն» ուշացումով ժամանեց Երեւան
Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմի առաջիկա մրցակիցը Եվրոպայի գավաթի խաղարկությունում` Մոսկվայի «Դինամոն», այսօր երեկոյան միայն ժամանեց Երեւան: Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Շեպոտնիկը, դա կապված էր օդանավի տոմսերի ձեռքբերման հետ ծագած խնդրի հետ: «Մենք պրոֆեսիոնալ ակումբ ենք եւ գիտենք, թե ինչպես է հարկավոր հաղթահարել բոլոր դժվարությունները», - լավատեսորեն ասաց նա:
Բասկետբոլիստուհիները հյուրանոցում տեղավորվելուց հետո անմիջապես շտապեցին «Միկա» մարզադահլիճ` նախախաղային մարզում անցկացնելու համար: «Դինամոն» Երեւան է ժամանել 11 բասկետբոլիստուհիներով: Նրանցից երկուսը` Մարինա Կուզինան եւ Նատաշա Ժեդիկը, Ռուսաստանի հավաքականի անդամներ են:
Գնահատելով երկու թիմերի հնարավորությունները, դինամոյականների մարզիչը ասաց, որ կանանց բասկետբոլում դժվար է կանխագուշակություններ անել. «Թե ինչպես կավարտվի վաղվա կայանալիք հանդիպումը, չեմ կարող ասել: Մենք, համենայնդեպս, Երեւան ենք ժամանել հաղթանակ տանելու նպատակով»:
Խոսելով «Հատիսի» մասին` Սերգեյ Շեպոտնիկը նշեց, որ մանրակրկիտ ուսումնասիրել է մրցակցի խաղաոճը եւ արդեն պատկերացնում է, թե ինչպես պետք է խաղան հայկական թիմի հետ:
Հավելենք, որ «Դինամոն» վաղը առավոտյան կանցկացնի եւս մեկ նախախաղային մարզում «Միկա» մարզադահլիճում: