Հողից մինչև շուկա․ սովորեցնում են Հովքի ուսուցման կանաչ կենտրոնում (լուսանկարներ) (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳաճաճ պղպեղներ, հինգ տեսակի՝ ամերիկյան ու իտալական սորտերի ելակ, բրյուսելյան կաղամբ, լոլիկի տեսականի և 100-ից ավելի խոտաբույսեր, դեղաբույսեր, ինչպես նաև ինտենսիվ այգի՝ կարկտապաշտպան համակարգով հագեցած։ Սրանք Հովքի ուսուցման կանաչ կենտրոնի փորձացուցադրական այգում և ջերմոցում աճող բուսատեսատներն են։
«Կենտրոնի հիմնական նպատակը անգամ փոքր հողատարածքի վրա մի սանտիմետրն ազատ անմշակ հող չթողնել,որպեսզի այն օգտագործվի ռացիոնալ »,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հովքի ուսուցման կենտրոնի մենեջեր Նելլի Ամիրյանը։
Այս ծրագիրն իրականացվել է ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ՝«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրով․ ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Կանաչ արահետ» ընկերությունը։
«Ստացված բերքը մեծ քանակի չէ։ Դրանք կամ նվիրում ենք, կամ հյուրասիրում ենք կենտրոն այցելողներին։ Բայց ամեն ինչ կարող է վաճառվել՝ սկսած սերմից մինչև սածիլ»,- ասաց Նելի Ամիրյանը։
«Հովքի ուսուցման կենտրոնում ուսուցման ժամանակ ֆերմերներին, ուսանողներին սովորեցնում ենք հողից շուկա շղթան»,- հավելեց Կանաչ արահետ ՀԿ-ի երիտասարդական ծրագրերի համակարգողը Լուսինե Վերդյանը և ներկայացրեց կենտրոնի տարածքը, գործունեությունը, դրա կարևորությունը։
Այգում, ջերմոցում շրջայցի ընթացքում լրագրողները ծանոթացան բուսատեսակների, դրանք աճեցնելու նրբությունների հետ։
Նշենք, որ Հովքի ուսուցման կենտրոնում գործելու են հինգ տնակներ, որոնք հնարավորություն կտան կենտրոն այցելած մարդկանց մնալ, գիշերել և ծանոթանալ հաստատության գործունեությանը և սովորել ընտրել մշակաբույս և ճիշտ աճեցնել։
Մանրամասները՝ տեսանյութում։



