Թոքաբանության ազգային կենտրոնը եռօրյա այցով Սյունիքում և Արցախում էր
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնը եռօրյա այցով Սյունիքի մարզում և Արցախում է եղել՝ իրականացրել անվճար հետազոտություններ, հանդիպել ԱՀ առողջապահության նախարարի հետ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Թոքաբանության ազգային կենտրոնի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից Սյունիքում մեկնարկված տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում ՀՀ Արդարադատության նախարարության Գորիսի Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և ազատազրկվածների շրջանում կատարվել է ավելի քան 115 ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև խորխի նմուշառում»,- ասաց Մարիամ Ծատրյանը և հավելեց, որ Սիսիանի շուրջ 120 բնակչի իրականացվել է սքրինինգային ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։
Ըստ նրա՝ Թոքաբանության ազգային կենտրոնի ղեկավար կազմը հետևել է հետազոտության ընթացքին։
«Սիսիանի և Գորիսի ԲԿ-ներում տեղի է ունեցել իրազեկում-քննարկում տուբերկուլոզային կաբինետների մասնագետների շրջանում»,- ասաց Մարիամ Ծատրյանը՝ հավելելով, որ այցը այսքանով չի սահմանափակվել։
Այցի վերջին կանգառն Արցախն էր։ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Մանուկյանին և փոխտնօրեն, տուբերկուլոզի կառավարման ծրագրերի գծով ՏԱԾ գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանին ընդունել է Արցախի հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։
«Հանդիպման ընթացքում Արտակ Մանուկյանը ներկայացրել է այցի նպատակը, ամփոփ տեղեկացրել կենտրոնի կողմից կատարվող աշխատանքների և ռազմավարական ծրագրի մասին։ Քննարկվել են Արցախում տուբերկուլոզի բուժօգնության և սպասարկման իրականացվող միջոցառումները, ինչպես նաև ԱՀ առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր»-ի և «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի հետագա համագործակցության ընդլայնման ուղիները»,- ասաց Մարիամ Ծատրյանը շեշտելով, որ հանդիպման ավարտին նախարար Մ․ Հայրիյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և պատրաստակամության համար։