Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hovhannisyan-Armenuhi
A A
Հասարակություն

«Օրրան»-ը 22 տարեկան է

Վաղը  «Օրրան» կայցելեն բազմաթիվ հյուրեր՝   նշելու կազմակերպության գործունեության 22 - ամյակը։  Իր գործունեությամբ և  իրականացրած բարեգործական ծրագրերով «Օրրանն» ապացուցել է, որ այն բացառիկ և առանձնահատուկ կազմակերպություն է։   Ինչպես  նշվում է կազմակերպության տարած մամլո հաղորդագրության մեջ՝  «Օրրանում» առաջնորդվում են տվյալ պահի լրջությամբ և տվյալ ժամանակի թեժ հրամայականով։ Այն չունի «քարացած» ծրագիր և հստակ ամրագրված  շահառուների շրջանակ։ Հենց սրանով էլ «Օրրանը» առանձնահատուկ է և բացառիկ։ Հիմնադրման օրվանից առ այսօր փոխվել են միայն «Օրրանի» կողմից տրամադրվող սոցիալական աջակցության առաջնահերթությունները և համապատասխան այդ առաջնահերթությունների էլ՝ նաև  շահառուների շրջանակները։ Բայց մի  բան հստակ է՝ «Օրրանի» ծրագրերն են փոխվել, սակայն  առաքելությունը միշտ  եղել է նույնը՝   «Օրրանի» շահառուն հայ մարդն է, ով տվյալ պահին խիստ կարիքի մեջ է և զգում է անհապաղ օգնության անհրաժեշտություն։  

 «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միշտ ասում է. «Աստված մի արասցե, որ  մի նոր ծրագիր և նոր շահառուներ ունենաք, և թող գա օրը, որ հայ մարդն այլևս կարիքի մեջ չգտնվի, և ոչինչ, որ մենք պարապ ու անգործ կմնանք»։

Ինչպես Հայաստանում գործող յուրաքանչյուր կառույցի, այնպես էլ «Օրրանի» դեպքում, գործունեության ընթացքը կարելի է բաժանել 4 փուլերի.
                          - համեմատաբար բարեհաջող և խաղաղ տարիներ
                          - քովիդյան համավարակի շրջան
                          - 44 օրյա պատերազմ
                          - հետպատերազմական և ճգնաժամային շրջան։

 «Օրրանի» սոցիալական ծրագրերում որպես շահառուներ  ներգրավվել են շուրջ 

                                                 
                                       - 40 000 ընտանիք, 10 000 երեխա և 500 տարեց։

Քովիդյան համավարակի շրջանում, ինչպես բոլոր կազակերպությունները, այնպես էլ «Օրրանը» անցավ հեռավար ռեժիմի։ «Օրրանի» սաների համար կազմակերպվեցին հեռավար դասեր՝ նախապես նրանց տրամադրելով համակարգիչներ և սարքավորումներ։ Անգամ այսպիսի իրավիճակում «Օրրանը» մի օր չդադարեցրեց իր գործունեությունը՝ նույիսկ սննդի ծրագիրը։ Օրրանի շահառուները շաբաթը մեկ անգամ այցելում էին «Օրրան» և ստանում իրենց սննդի տոպրակրները, որոնք ներառում էին առաջին անհրաժեշտության սննդամթերքներ։ Թվերով և վիճակագրությամբ արտահայտված՝ այդ ժամանակահատվածում շահառուներին բաժանվել են
                                     - 200 համակարգիչներ
                                     - 5 000 սննդի տոպրակներ

44 - օրյա պատերազմի օրերին, ելնելով ստեղծված իրավիճակից, «Օրրանը» փոխեց իր ծրագիրը՝ առաջնահերթությունը տալով Արցախից տեղահանվածների և պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Այդ ընտանիքներին պարբերաբար տրամադրվում էին սննդի տոպրակներ, հիգիենային պարագաներ և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Իսկ մոտալուտ ձմռանը դիմակայելու համար «Օրրանը» այդ օրերին մեկնարկեց «Տաք ձմեռ» ծրագիրը՝ տեղահանվածաների և զոհվածների ընտանիքների երեխաներին ձմեռային հագուստով և կոշիկով, ինչպես նաև տաք ծածկոցներով և  քնապարկերով  ապահովելու համար։ Թվերով և վիճակագրությամբ արտահայտված՝ այդ ժամանակահատվածում շահառուներին բաժանվել են
                                     -  10 000 սննդի տոպրակներ
                                      - 2 000 ձմեռային բաճկոններ և վերարկուներ
                                      - 2 000 ձմեռային կոշիկներ
                                      - 15500 քնապարկ
                                      - 5 000 ծածկոցներ

Իսկ ներկայումս հետպատերազմյան և ճգնաժամային շրջանն է։ Ինչ է անում «Օրանն» այսօր։ Վերականգնման այս փուլում, բացի իր ավանդական՝ սննդի, հագուստի, կրթական, հոգեբանական աջակցության ծրագրերից, «Օրրանն» իրականացնում է շատ կարևոր և արդիական ծրագիր՝ «Հմուտ երիտասարդները հանուն համայնքի զարգացման»։ Այս ծրագրի շնորհիվ մայրաքաղաքի և մարզերի ավելի քան 820 երիտասարդներ կկարողանան սովորել արհեստներ,  ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, դիմակայել տնտեսական ճգնաժամի մարտահրավերներին և հաղթահարել աղքատությունը։

Իր 22 ամյա գործունեության համար «Օրրանը» երախտապարտ է  իր բոլոր բարեկամներին, նվիրատուներին և կամավորներին։ Հենց նրանց դրամական և նյութական ներդրումների, հոգևոր և բարոյական աջակցության, ոգևորող և հուսադրող խոսքերի շնորհիվ է, որ «Օրրանը» կարողացավ դառնալ իր անվանը արժանի կառույց՝ ապահով օրրան կարիքավոր հայ մարդու համար։