Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Նա չտրվեց Հայաստանում գավառական մեծամասնության ճնշող կարծիքներին․Չուգասզյանը՝ Իգոր Մուրադյանի մասին (տեսանյութ)

Ղարաբաղյան շարժման գլխավոր հիմնադիրներից մեկը՝ Իգոր Մուրադյանը այսօր կդառնար 65 տարեկան։ Նրա հարազատները, ընկերներն ու գաղափարակիցները հավաքվել էին Եռաբլուր զինվորական պանթեոնում իրենց հարգանքի տուրքը մատուցելու շարժման ակունքներում կանգնած Մուրադյանի հիշատակին։

Արարողությանը ներկա էին Ազգային Ժողովրդավարական Բևեռի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Վահե Գասպարյանը և այլոք։ Տեղի ունեցավ խնկարկում։

Շարժման անդամներից Գարեգին Չուգասզյանը ելույթ ունեցավ։ Նա ասաց, որ մարդու հիշատակը հարգելու լավագույն ձևը մարդու գործը շարունակելն է։ Ըստ Չուգասզյանի՝ Մուրադյանին պատմությունը հիշելու է իբրև ազգային ազատագրական շարժման թե՛ տեսաբան, և թե կազմակերպիչ։

Չուգասզյանը հիշեցրեց 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին Իգոր Մուրադյանի արձագանքը։

«Հայ իրականության մեջ թերևս միայն Իգոր Մուրադյանն էր, որ հստակ արտահայտել էր այդ գաղափարը, որ Ուկրաինան դառնալու է նոր աշխարհակարգի ձևավորման կարևորագույն գործոններից մեկը, և Կիևն է թելադրելու եվրոպական օրակարգը»,-ասաց նա։

Չուգասյանը հիշեցրեց, որ անմիջապես Մայդանի իրադարձություններից հետո Իգոր Մուրադյանը մեկնել էր Կիև։ Գարեգին Չուգասյանի խոսքով՝ Իգոր Մուրադյանը Ուկրաինայի ներսում այդ օրերին զբաղված էր հայանպաստ մթնոլորտ ստեղծելով։

«Երբեք չտրվեց էն գավառական մեծամասնության ճնշող կարծիքներին, որը Հայաստանում կար»,- ընդգծեց ԱԺԲ անդամ Գարեգին Չուգասզյանը։