Բացել լրահոսը Փակել լրահոսը
278871081_10158787696646408_9128944373278850144_n
A A
Պաշտոնական

Մայր Աթոռի Մատենադարանի պատվավոր հյուրերը Գերմանիայից

Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի գլխավոր խմբագիր Սարգիս Մելքոնյանի ուղեկցությամբ այսօր Մայր Աթոռի Մատենադարան էին այցելել Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գործող Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի տնօրեն Ռոյ Քնոքեն և գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանը՝ հայտնում են Մայր Աթոռից։

Նշենք, որ գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական, արևելագետ, մարդասեր Յոհաննես Լեփսիուսն իր ողջ գիտակցական կյանքում պայքարել է Հայոց ցեղասպանությունը ամբողջ մարդկությանը հասու դարձնելու համար։ Նրա հավաքած վկայությունները, գրքերն ու հոդվածներն այսօր արխիվային նյութեր են, անհերքելի փաստեր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Յոհաննես Լեփսիուսի ժառանգությունը պահվում է Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվում, որը հիմնել է Հերման Գոլցը (բացման արարողությունը տեղի է ունեցել 2011 թ․)։ Հյուրերը շրջեցին կառույցի տարբեր սրահներում, ծանոթացան Մատենադարանում ցուցադրված Մայր Աթոռի հրատարակություններին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրականությանը, գերմաներեն հավաքածուին։

Նրանց առանձնակի հետաքրքրեց Մայր աթոռի Մատենադարանի հնատիպ հավաքածուն, ուր, ի թիվս այլ կարևոր տպագրությունների, հնարավորություն ունեցան տեսնելու առաջին տպագիր Աստվածաշունչը և առաջին տպագիր ամսագիրը՝ «Ազդարարը»։

Շրջայցի ընթացքում նրանք ներկայացրեցին նաև իրենց տուն-արխիվի գործունեությունը։ Հյուրերը դատարկաձեռն չէին եկել։ Նրանք Մատենադարանին նվիրեցին «Գերմանական կայսրությունը և Հայոց ցեղասպանությունը» գերմաներեն ժողովածուն (Գյոթինգեն, 2017թ․) և Յոհաննես Լեփսիուսի «Հայերի դրությունը Թուրքիայում» 2016թ․ հայտնի զեկույցի նոր հրատարակությունը (գերմաներեն, Պոտսդամ, 2017թ․)։ Երկու գրքերն էլ այսուհետ հասանելի են Ս․ Էջմիածնի Մատենադարանի ընթերցասրահում։