Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 3-րդ հանդիպումը

Ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը։

ԵՄ կողմն ընդգծեց իր ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում, և գոհունակություն հայտնեց Հայաստանի` բարեփոխումների օրակարգին շարունակական հանձնառության և մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության համար: ԵՄ-ը խրախուսեց Հայաստանին շարունակել բարեփոխումների ընթացքը մի շարք կոնկրետ ոլորտներում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։ ԵՄ-ը ողջունեց խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու վերջին ջանքերը և ընդգծեց մարդասիրական և վերականգնմանն ուղղված տրամադրվող շարունակական աջակցությունը։

Հանդիսանալով Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր և ամենախոշոր դոնոր, ԵՄ-ը պատրաստ է տրամադրել հետագա փորձագիտական և ֆինանսական աջակցություն կառավարության կարողությունների ամրապնդման համար՝ հանրային կառավարման ոլորտի առանցքային բարեփոխումների նախագծման և իրականացման, ԵՄ չափանիշների մոտարկման նպատակով՝ համապատասխան ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած հանձնառություններին։ Նշվեց, որ գործընկերության վերջնանպատակն է ապահովել կոնկրետ օգուտներ՝ ի շահ ԵՄ և Հայաստանի քաղաքացիների:

Նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի երկարաժամկետ դիմակայունությունը և հանրային ու մասնավոր ներդրումներն օգտագործել որպես լծակ, «կանաչ» և թվային անցմանն աջակցելու նպատակով, ԵՄ-ը կշարունակի սերտորեն աշխատել Հայաստանի և գործընկեր Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՝ խթանելու Տնտեսական և ներդրումային պլանի և դրա ուղենշային ծրագրերի իրականացումը։

Քննարկելով ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ը իրականացման ընթացքը՝ կողմերը կենտրոնացան իրավունքի գերակայության, այդ թվում՝ անկախ և արդյունավետ արդարադատության համակարգի կարևորության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: ԵՄ-ը և Հայաստանը կշարունակեն քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ միաժամանակ ընդլայնելով ոլորտային քաղաքականության քննարկումները կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ՝ կրթության ոլորտի ռազմավարության վերջնականացումն ու դրա իրականացումը խթանելու նպատակով։ Գնահատելով ԶԼՄ-ների դաշտում կատարված աշխատանքը ԵՄ-ը միաժամանակ խրախուսեց Հայաստանին հետագա առաջընթաց գրանցել ավելի մեծ ազատություններ ապահովելու ուղղությամբ։

Գործընկերության կոմիտեն դիտարկեց նաև տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի ոլորտներում և կլիմայի գործողությունների ուղղությամբ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ իրականացումը: Օդային տրանսպորտի հարցում ԵՄ-ը և Հայաստանը պայմանավորվածություն ձեռք բերեցին ընդլայնելու ավիացիոն անվտանգության շուրջ համագործակցությունը՝ հիմք ընդունելով Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2021թ․ դեկտեմբերին: Էներգետիկ ոլորտի հարցում ԵՄ-ը և Հայաստանը պայմանավորվեցին հետամուտ լինել միջուկային անվտանգության վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների ծրագրի իրականացմանը, որը հաստատվել է որպես ԵՄ աջակցությամբ իրականացվող սթրես-թեստերի գործընթացի մաս։ Քննարկման շրջանակներում ամփոփվեց նաև տնտեսական զարգացման, զբաղվածության և կրթության բարեփոխումների ընթացքը: ԵՄ-ն շնորհավորեց Հայաստանին «Հորիզոն Եվրոպա»[1] ծրագրին միանալու կապակցությամբ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև միգրացիայի և շարժունակության ուղղություններով ձեռք բերված առաջընթացին և ի գիտություն ընդունվեց մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության հնարավորինս շուտափույթ մեկնարկի Հայաստանի պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին Գործընկերության կոմիտեն քննարկեց Արևելյան գործընկերությանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Հանդիպումը համանախագահում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը։

 

[1] Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի միջև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հետազոտությունների և նորարարության վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2021թ․ նոյեմբերի 12-ին և հետադարձ ուժով գործում է 2021 թ․ հունվարի 1-ից: