Հարձակում Զագրեբում
Հունական ՊԱՕԿ թիմի մոտ 12 ֆուտբոլասերներ տարբեր կարգի վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ նրանց վրա հարձակում են գործել Զագրեբի «Դինամոյի» երկրապագուները:
Ինչպես տեղեկացրել է Խորվաթիայի մայրաքաղաքի ոստիկանապետը, վերջինները նախ քարերով ջարդել են հյուրերին տեղափոխող ավտոբուսի ապակիները, ապա ճայթրույքներ նետել սրահի ներսը: Չորս ֆուտբոլասերներ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուսներին բուժօգնություն են ցույց տվել տեղում:
Նշենք, որ այդ ավտոբուսով հույն ֆուտբոլասերները ժամանել էին Զագրեբ, որպեսզի ներկա գտնվեին Եվրոպայի լիգայի սկզբունքային նշանակություն ունեցող «Դինամո» - ՊԱՕԿ հանդիպմանը:
Հարկ է նշել, որ դինամոյականների ֆաները վաղուց հայտնի են իրենց անկառավարելիությամբ: Վերջին մի քանի տարիներին նրանց անկարգությունների պատճառով ՈՒԵՖԱ-ն մի քանի անգամ որակազրկել է ակումբի մարզադաշտը կամ խաղերն անցկացվել են առանց հանդիսականների (դրանցից մեկը եղել է 2009 թ կայացած «Դինամո» - «Փյունիկ» չեմպիոնների լիգայի հանդիպումը):