Բացել լրահոսը Փակել լրահոսը
լարս4_1
A A
Տնտեսություն

Մեքենաները Լարսում շաբաթներով կանգնած են․«Սպայկա» ընկերության ներկայացուցիչ

Լարսը բաց է, բայց արտահանման գործընթացը նորմալ չի ընթանում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը։

«Հերթերը շատ են Վրաստանի տարածքում՝ ահռելի հերթեր են։ Միայն Վրաստանն անցնելու համար պահանջվում է գրեթե երկու շաբաթ՝ 10-14 օր։ Իսկ Լարսում արդեն խնդիր չկա»,- ասաց Կարեն Աղդայանը՝ նշելով, որ նույն իրավիճակն է նաև ներմուծման դեպքում. «Մինչև մեկ ամիս հերթեր են»։

Կարեն Աղդայանի խոսքով՝ միայն հացահատկով բեռնված բեռնատարներին են արտահերթ թողնում, իսկ մնացածը՝ շատ մեծ դժվարություններով։

Հարցին՝ իսկ ի՞նչ պարզաբանումներ են ներկայացնում, ո՞րն է խնդիրների պատճառը, «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավարն ասաց․

«Վրաստանում խնդիրն այն է, որ վրացական դեպի Լարս բաց թողնող մաքսատունը լիարժեք ուժով չի աշխատում։ Օրական 270-350 մեքենա է բաց թողնվում, որը շատ քիչ է՝ առնվազն պետք է լինի 500-600 մեքենա»։

Ընկերության արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են, հետեւաբար՝ խնդրի լուծում ավելի հրատապ է դառնում։

«Մեր ջերմոցը օրական միջինը 10-15 մեքենա միայն լոլիկ է տալիս, բայց հիմա մենք կանգնում ենք փաստի առաջ, որ մեքենաները վերջանում են, որովհետև բոլորը հերթերի մեջ են՝ համ գնալուց, համ էլ հետ գալուց։ Ու մենք հիմա չենք կարողանում մեր արտադրանքը բարձենք որևէ մեքենայի մեջ, որովհետև ազատ մեքենա չկա»,- ասաց Կարեն Աղդայանը։

Ըստ նրա՝  ցանկացած օրն ազդում է մթերքի որակի վրա․ «Մի քանի օր ոչինչ, բայց երբ լոլիկը 15-20 օր մնում է ճանապարհին,  գնորդը որակի հետ կապված տարբեր պրիտենզիաներ է ներկայացնում։ Մենք ունենում ենք շատ խնդիրներ, տնտեսական կորուստներ»։

Այս  պահին փորձում են մի կերպ լուծումներ գտնել, բայց «եթե այսպես շարունակվի շատ վատ է լինելու, իսկ երբ ծիրանը հասնի, կանգնելու ենք շատ լուրջ փաստի առաջ»։  Ծիրանը լոլիկը  համեմատությամբ քիչ դիմացկուն է և շուտ է փչանում։

«Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավարն ասում է, որ այդ խնդիրները պայմանավորված չեն ռուս-ուկրաինական պատերազմով, այլ դրանք առաջացան Լարսում անաբրենպաստ եղանակային պայմանների պատճառով։

«Հիմա եղանակը լավ է, բայց մաքսատան աշխատանքն է վատ։ Կազմակերպչական մասը շատ վատ է ։ Վրացականը պետք է լրացուցիչ հերթափոխեր բերեն, որպեսզի կարողանան արագ բաց թողնեն իրենց տարածքում կուտակված մեքենաները, բայց չեն անում»,- ասաց «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը։