
Լևոն Արոնյանը կրկին կխաղա Դոմինգեսի հետ
ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Ամերիկայի գավաթի համար, որի խաղարկութունն այս օրերին կայանում է Սենթ Լուիս քաղաքում։
Մեր հայրենակիցը սփոփման մրցաշարի եզրափակիչում հաղթելով Ռեյ Ռոբսոնին, այժմ կրկին խաղալու է Լեյնիեր Դոմինգեսի հետ, որը հիմնական մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթել էր Լևոն Արոնյանին, իսկ ահա եզրափակիչում պարտվել Ֆաբիանո Կարուանային։
Կողմերը կմրցեն արագ շախմատում՝ 25+10 ժամակարգով։ Նախ կանցկացնեն երկու պարտիա, իսկ ոչ-ոքու դեպքում հաղթողին կորոշեն թայ-բրեյքում։
Եզրափակիչ հանդիպումները նախատեսված են ապրիլի 27-29-ին։
ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը նույնպես շարունակում է պայքարը կանանց գավաթի համար։ Նա հաջողությամբ հաղթահարել է սփոփման մրցաշարի երկու արգելքները և այժմ հանդիպելու է հիմնական մրցաշարի եզրափակիչում պարտություն կրած Ալիս Լիի հետ։ Հաղթելու դեպքում նա կմրցի դասական մրցաշարի հաղթող Իրինա Կրոշի հետ։