Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Մինսկում

Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում
2022թ․ ապրիլի 24-ին Մինսկի հայ համայնքը հարգանքի տուրք մատուցեց Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Բելառուսում ՀՀ դեսպանատունը։
 
«Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Մինսկի զինվորական գերեզմանոցի տարածքում գտնվող մեծ բարեպաշտ իշխան Ալեքսանդր Նեվսկու եկեղեցուն կից հայկական խաչքարի մոտ։
 
Վարդապետ Նիկոլայ Կորժիչը եկեղեցու սպասավորների հետ կատարեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր նահատակների։
 
Ներկաներին խոսքով դիմեց Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը՝ նշելով, որ ցեղասպանության իրականացումը հնարավոր դարձավ Հայոց անկախ պետականության կորստյան պայմաններում։ Ուստի հայ ժողովրդի նկատմամբ ապագայում նման ոճրագործություն թույլ չտալու լավագույն երաշխիքը Հայաստանի անկախ պետականության ամրապնդումն ու դրա սատարումն է, ինչպես նաև այդ նպատակով բոլոր ջանքերի համախմբումը։
 
Դեսպանն ընդգծեց նաև, որ միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության՝ ժամանակին համարժեք արձագանքի և դատապարտման բացակայությունը առավել ամրապնդեց հետագա ցեղասպանությունների գաղափարախոսների ու կազմակերպիչների համոզմունքն առ այն, որ իրենց ոճրագործություններն անպատիժ կմնան։ Մասնավորապես, վկայակոչվեց Հիտլերի տխրահռչակ արտահայտությունը հայերի զանգվածային բնաջնջման՝ մոռացության մատնված լինելու վերաբերյալ, որի իմաստավորման կարևորությունը պահպանում է արդիականությունը՝ հաշվի առնելով նաև Բելառուսում 2022թ․ պատմական հիշողության տարի հռչակման հանգամանքը։
 
Դեսպան Խումարյանը հավելեց, որ, թեև աշխարհի առաջատար շուրջ երեսուն երկիր պետական մակարդակով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, մի շարք պետություններ, այդ թվում և այն պետությունները, որոնց բնակչությունը ենթարկվել է համանման ցեղասպան գործողությունների, քաղաքական նկատառումների թելադրանքով մինչ օրս խուսափում են համապատասխան իրավական գնահատական տալ այս ոճրին՝ լավատեղյակ լինելով իրողությանը։
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական միության նախագահ Գեորգի Եղիազարյանը»,- նշված է դեսպանատան հաղորդագրությունում։