Բացել լրահոսը Փակել լրահոսը
278713218_1893029494222346_4487378761281163227_n
A A
Պաշտոնական

Բոլոր եկեղեցիներում կկատարվի Ցեղասպանության նահատակների բարեխոսական կարգ

Մայր Աթոռը ներկայացնում է ծանուցում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունների վերաբերյալ․

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում (Ս․ Պատարագի սկիզբը ժամը 10։30–ին): Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը և սուրբ նահատակներին նվիրված սրբապատկերը:

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին նվիրական այս օրն աղոթակից լինել հոգևոր դասին և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունն առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար։