Բացել լրահոսը Փակել լրահոսը
տելեգրամ
A A
Պաշտոնական Հասարակություն

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար մեղադրանք է առաջադրվել

 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախնական տվյալներով, «Telegram» սոցիալական ցանցի օգտատերը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ` մայրաքաղաքից դուրս:
 
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
 
Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով «Telegram» սոցիալական ցանցի՝ իր կողմից օգտագործվող էջում տեղադրել է վերոնշյալ բովանդակությամբ գրառումը:
 
Վերջինս ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Քննչական կոմիտե