Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 21-ը ապրիլի․ Սերժ Սարգսյանը՝ գործակալների կարեւորության մասին (տեսանյութ)

1993-ի ապրիլի 21-ին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորության ժամանակ հանդիպեցին ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Աբուլֆազ Էլչիբեյը։ Նրանք Արցախյան հակամարտությունը փաթեթային եղանակով կարգավորելու պայմանավորվածություն ձեռք բերեցին։

«Եթե ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունները առանձին կառույցների կարգավիճակ ստանան, իմ գործը կհեշտանա»,- 1998-ի այս օրը հայտարարում էր միացյալ ուժային կառույցի ղեկավար Սերժ Սարգսյանը։ Նա, ի դեպ, առանձնահատուկ հաճույքով էր խոսում գործակալների կարեւորության մասին՝ խորհուրդ տալով հիշել Ջեյմս Բոնդի դրական նշանակությունը։

1999-ի ապրիլի 21-ին սոցապնախարար Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ նախատեսվում է համարակալել Հայաստանի բնակչությանն ու եկամուտ ունեցող անձանց նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգ կիրառել։

2000 թվականին Ազատության հրապարակում դարձյալ վանկարկում էին՝ «Միացում», սակայն, ի տարբերություն 88-ի, խոսքը Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության մասին էր։ Հայկոմկուսի հանրահավաքը բազմամարդ էր։ Վճռական հակահարված էր սպասվում ցանկացած մեկին, ով կհամարձակվեր դեմ լինել հրապարակում հնչող պաշտոնական տեսակետին։ Այս հանրահավաքի կազմակերպիչներին հայրենադավներ անվանեց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը։

2000-ի այս օրը հայ ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանին։ Կյանքի վերջին տարիներին արվեստագետը Կասկադի որմնանկարներն էր քանդակում, սակայն, գործն ավարտին հասցնել չկարողացավ։

«Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննություն չի եղել»,- 2001-ի ապրիլի 21-ին բարձրաձայնեց Ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ 2001-ին Երեւանում անցկացվում էր non stop պարերի մրցույթ։ Հաղթողը, ով տասնյակ ժամերի մարաթոնի ընթացքում վերջինը կլքի պարահրապարակը, ստանալու էր մրցանակ՝ երաժշտական կենտրոնի տեսքով։

2008-ի այս օրը Սերժ Սարգսյանն ավարտեց կառավարության ձեւավորումը։ Փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար նշանակվեց Արմեն Գեւորգյանը։ Կառավարության կազմում չընդգրկվեց Հովիկ Աբրահամյանը՝ նշանակվելով նախագահի աշխատակազմի ղեկավար։

2011-ի ապրիլի 21-ի Ռուսաստանի Դաշնության պետական Դուման, նախագահ Մեդվեդեւի առաջարկով, վավերացնում էր հայ-ռուսական պայմանագիրը, որով Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացվում էր մինչեւ 2049 թվական։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհում էր, թե նոտարական համակարգում առկա է կաշառակերություն։ Իրավիճակն առավել մեղմ էր փորձում ներկայացնել արդարադատության նախարարը։