Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կարեն Դեմիրճյան․ Նվիրում (տեսանյութ)

 Տարեդարձներն ու հոբելյանները միայն շնորհավորելու համար չեն: Դրանք առիթ են վերհիշելու նրանց արժանիքներն ու առաքինությունները։ Այսօր օրն է մեծարելու պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանին վերհիշելու նրա արժանիքներն ու առաքինությունները։

Հերոսները գալիս են  ժամանակի հետ ու նրա հետ էլ հեռանում: Սակայն լինում են բացառություններ: Այդպիսիները չեն ենթարկվում ներկա-բացակայի ընդունված կանոնին: Նրանք մեկ անգամ են գրվում ներկա ու դառնում ժամանակների կապող օղակը: Այդպիսին է Կարեն Դեմիրճյանը՝ խրոխտ հասակով, փառահեղ ժպիտով,  համաժողովրդական սիրով օծված առաջնորդը։ 

 ճակատագրի բերումով պետական և քաղաքական նշանավոր այրը գործեց երկու հասարակարգերի հատման ժամանակաշրջանում։ 

42 տարեկանում նա ընտրվեց Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար և երկիրը կառավարեց 1974-1988 թվերին: Պոլիտեխնիկի նախկին սանը, Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի վարպետից մինչև տնօրեն հասած Երևանի քաղկոմի, ապա ՀԿԿ Կենտկոմի քարտուղար աշխատած խոստումնալից կազմակերպիչն ուներ երկրի ապագայի վերաբերյալ սեփական հայեցակարգը: Նա Հայաստանը պատկերացնում էր քիչ էներգատար ու նվազ ռեսուրսատար զարգացած արդյունաբերությամբ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ ու բնապահպանական առումով անվտանգ երկիր: 

Կարեն Դեմիրճյանին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում առաջադրելիս չեն եղել բարեխոսներ, ինչպես դա ընդունված էր այն ժամանակ: Նրա «բարեխոսներն» էին աշխատասիրությունը, ազնվությունն ու սկզբունքայնությունը: 

Ստանձնելով պաշտոնը՝ Կարեն Դեմիրճյանը հոգատարությամբ էր վերաբերվում կադրային ռեսուրսին՝ հնարավորություն տալով լավագույններին ինքնադրսևորվելու: 

Կարեն Սերոբիչը, ինչպես դիմում էին նրան գործընկերները, մարդկանց լսելու, կարծիքներ համադրելու, դրանց հիման վրա եզրակացություններ անելու բացառիկ ձիրք ուներ:

Որևէ գործ սկսելիս սիրում էր խորանալ մանրամասների մեջ՝ նշելով, որ չի կարելի ճանապարհ ընկնել՝ չիմանալով այդ ճանապարհը: Թեև գիտեր տեղին ու ժամանակին անել խիստ դիտողություններ, բայց ամենապայթյունավտանգ իրավիճակներում էլ նրան բնորոշ էին հավասարակշիռ կեցվածքն ու սառնասրտությունը: 

Ամենաբարդ խնդիրներն էլ լուծում էր հանգիստ, աշխատանքային սովորական ռիթմով: Հրաշալի էր տիրապետում ճիշտ հանձնարարականներ տալու և վերահսկելու արվեստին: Իր առաջին իսկ ելույթներում կարևորեց անկեղծ քննադատությունն ու ազատ խոսքը: 

Ովքեր ապրել են խորհրդային ժամանակներում, հիշում են, որ կային թեմաներ, որոնց մասին ընդունված չէր խոսել բարձրաձայն: Հասարակարգի համար դա կարող էր վարկաբեկիչ լինել: Կարեն Դեմիրճյանը հնարավորինս բացեց շատ փակագծեր՝ չքողարկելով առկա դժվարություններն ու բացթողումները: Բարձրացված հարցերը, խնդիրների լուծման մեթոդներն ու առաջարկությունները թարմության շունչ էին պարունակում:

Նման մոտեցումը նորություն էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ Խորհրդային Միությունում: Սակայն, որքան էլ ազնիվ լինեին նրա մղումները, հասկանալի է, որ դրանք չէին կարող ամբողջությամբ կյանքի կոչվել հսկայական երկրի մի փոքրիկ անկյունում, որը կրում էր մեծ կտորի բազմաբնույթ ու բազմաշերտ ազդեցությունը: Միայն 10 տարի անց հսկա միությունում սկսվեց վերակառուցման գործընթաց, որի շատ ու շատ մտքեր ու մոտեցումներ վաղուց հնչել էին Հայաստանում: 

Լինում է այնպես, որ մարդն ուշացած է գալիս ասպարեզ կամ հակառակը՝ գալիս է ժամանակից շուտ, ու ամենամեծ ցանկության դեպքում էլ պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ իրականացնել սեփական երազանքները և մնում է անել հնարավորը: 

1977-ին  Կրեմլից պահանջեցին, որ Հայաստանն ընդունի զարգացած սոցիալիզմի սահմանադրությունը, որում ամրագրված լինի ռուսերենի պետական լեզու լինելը: Նա միակն էր Անդրկովկասի իր կոլեգաների մեջ, որ բացահայտ դեմ գնաց դրան՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինի հրաժարականի դիմում գրել: Շատ քչերը գիտեն, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու որոշման համար նա տարիներ շարունակ թակում էր մոսկովյան չինովնիկների դռները՝ բացատրելով ու հասունացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունը: Զարմանալի ներզգացողությամբ, դեռեւս 1987 թվին նա հասավ ԱԷԿ-ի փակման որոշման կայացմանը, որը, սակայն, հեռատեսորեն չկիրառվեց, անգամ չհրապարակվեց՝ խնդիր դնելով դա իրականացնել միայն էներգիայի այլ աղբյուրներից բավարար պաշարներ ստեղծելու պարագայում:

Այսինքն, Սպիտակի երկրաշարժից մեկ-մեկուկես տարի առաջ արդեն կայացվել էր ատոմակայանի փակման որոշում, որը հետագայում կամայականորեն կիրառվեց այլոց կողմից՝ առանց այլընտրանք առաջարկելու: 

Բնապահպանական տեսանկյունից մեծ նշանակություն ունեցան Սեւանա լճի հիմնախնդրի լուծումը, թունավոր մի շարք ձեռնարկությունների անվտանգացումը: 

Նախագիծ մշակվեց «Նաիրիտը» լայն սպառման ապրանքների արտադրության վերամասնագիտացնելու մասին: 

Եվ, եթե Կարեն Դեմիրճյանը շատ բաներ չհասցրեց անել, դա իր մեղքը չէր: Իսկ կատարած աշխատանքների մասին կարելի է խոսել անվերջ: 

Նրա ջանքերի արդյունքում Խորհրդային Հայաստանը բարձր անուն ու հեղինակություն վաստակեց 15 հանրապետությունների շարքում: Գիտության, մշակույթի ու մտավոր ներուժի կենտրոն կառուցելու նրա անուրանալի վաստակը նկատի ունենալով՝ ժողովուրդը նրան կոչեց Շինարար: 

Կարեն Դեմիրճյանը հպարտ ու բարձր արժանապատվությամբ օժտված անհատականություն էր, ի տարբերություն հարևան երկրի ղեկավարների։
Կրեմլում էլ պաշտոնյաները տարբեր էին, ու քիչ չէին այնպիսիք, որ համակրում էին բարձրահասակ, ժպտերես ու խարիզմատիկ : Ավագ սերնդի մարդկանց մոտ դեռեւս պահպանված կլինեն հիշողություններ այն մասին, որ սննդամթերքի, հագուստի, կենցաղային իրերի մատակարարման հարցերում Հայաստանը գտնվում էր շատ ու շատ հանրապետություններից ավելի ապահովված վիճակում և Հայաստան այցելած զբոսաշրջիկները տուն էին վերադառնում բեռնավորված՝ ոչ միայն բարձր պահանջարկ վայելող հայկական ապրանքներով, նաև, երբեմն իրենց երկրների արտադրանքով:

Մայրաքաղաքի Կասկադի նախագծման, «Արարատ» ֆուտբոլային թիմի, թե որևէ այլ հարց քննարկելիս, Կարեն Դեմիրճյանը ոգևորում ու աջակցում էր պատասխանատուներին: Նրա հանդեպ մտավորականները տածում էին յուրայինության զգացում։ Երկրի առաջնորդը անկեղծ զրույցների միջոցով ճշտում էր  հանրության տրամադրությունները, լսում ժողովրդի ձայնը: 

Խորհրդային երկրի 3 տարբեր գլխավոր քարտուղարներ նրան տեսնում էին միութենական մակարդակի պաշտոններում, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նշանակումը չկայացավ: Երիտասարդ տարիքում ձեռք բերած հաջողություններն ու վայելած համաժողովրդական սերը հաճախ խանդ էին ծնում այն չինովնիկների մոտ, ովքեր նրա մեջ տեսնում էին իրենց մրցակցին: Մոսկվայում սկսեցին շրջանառել մի կարծիք, թե Կարեն Դեմիրճյանի նկատմամբ Հայաստանում ձևավորվում է անհատի պաշտամունք: Իսկ երբեմն էլ, ինչպես Գորբաչովի դեպքում, հանդես էր բերվում բացահայտ չարակամություն: 1987թ. հունիսին մոսկովյան ամբիոնից Գորբաչովը քննադատություն հնչեցրեց Հայաստանի հասցեին՝ նշելով, որ վերակառուցումն այստեղ տեղապտույտ է տալիս: 

1988 թվին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Ազատության հրապարակը եռում էր մարդկային կրքերից: Կարեն Դեմիրճյանը հարթակ բարձրացավ ու անկեղծորեն ասաց իր կարծիքը: Առաջացավ խզում: Նա արժանապատվորեն հեռացավ ասպարեզից: Իսկ Մոսկվայում փորձեցին նրան մեղադրել այդ շարժումը հրահրելու և նացիոնալիզմի մեջ: Պատահական չէ, որ նրան «սեփական դիմումի համաձայն» աշխատանքից ազատեցին Ադրբեջանի ղեկավար Բաղիրովի հետ նույն օրերին: Մոսկվան հավասարության նշան էր փորձում դնել Սումգայիթ ծնած Բաքվի ու խաղաղ ցույցեր կազմակերպած Երևանի միջեւ:

Փորձառության ծաղկունքում գտնվող 57-ամյա «թոշակառուին» համառորեն ոչ մի աշխատանք չէին առաջարկում: Նույնիսկ, երբ երկրաշարժից հետո դիմեց Նիկոլայ Ռիժկովին՝ իր ուժերն աղետի գոտում օգտագործելու համար, պատասխան չստացավ: 

Դրան խանգարում էր Գորբաչովի վերաբերմունքը: Վերջինս Դեմիրճյանին մեղադրում էր ոչ միայն նացիոնալիզմի, այլև կոռուպցիայի ու հովանավորչության մեջ, ասես դա զուտ հայկական դրսևորում էր: Բոլորովին էլ չժխտելով այդ երեւույթների առկայությունը Հայաստանում, նշենք, որ 14 տարի երկրի առաջին դեմք, հետագայում ՀՀ ԱԺ նախագահ աշխատած մարդու «կոռուպցիայի» արդյունքը տրամաբանորեն պիտի լիներ այն, որ նրա ընտանիքն ունենար մասշտաբային սեփականություններ, ինչպես այլոք: Ասում են՝ ամենակարեւոր եզրակացությունները մարդիկ անում են համեմատության արդյունքում: 

1999 թվական. ահռելի չափերի հասած գործազրկություն, աղքատություն, թշվառություն ու արտագաղթ: Մարդիկ երազում էին ունենալ աշխատանք, հաց ու երաշխավորված ապագա: 

10 տարի անց ժողովուրդն իր հայացքը կրկին հառեց Կարեն Դեմիրճյանին՝ ակնկալությամբ, որ նա վերադառնա քաղաքականություն: 

1999 թ. մարտի 24-ին Վազգեն Սարգսյանը նամակով դիմեց Կարեն Դեմիրճյանին. «Մեծարգո պարոն Դեմիրճյան…շրջադարձային այս ծանր ու պատասխանատու իրավիճակում ոչ մի առանձին քաղաքական ուժ կամ անհատ ի վիճակի չէ երկիրը բարձրացնել դժվարին կացությունից: Անցած տարիների անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկը հենց ուժերի փոշիացումն էր: Այսօր ակնհայտ է, որ արմատական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի եւ հասարակական-քաղաքական ուժերի ու անհատների առավել միասնություն ու համախմբում: Ուստի մեր ազնիվ դաշնությունն ենք առաջարկում՝ համատեղ լուծելու պետության ու ժողովրդի առջեւ ծառացած տնտեսական, քաղաքական եւ անվտանգ ապագայի ապահովման հիմնախնդիրները»:

1999թ. մարտին սեղմեց իրեն ուղղված Վազգեն Սարգսյանի ձեռքը: 

Վերջինս շատ լավ հասկանում էր որ Դեմիրճյանը կարող էր ղեկավարել ոչ միայն խորհրդային ժամանակներում կենտրոնի կողմից տրված անխափան ֆինանսավորմամբ, ինչի ապացույցը 90-ականների դժվար տարիներին նրա ղեկավարած Հայկական էլեկտրամեքենաշինական գործարանն էր։

 «Միասնություն» դաշինքը ասպարեզ մտավ վերածննդի համոզմունքով: Այն հասարակ ժողովրդի համար փրկօղակ էր, վաղվա հանդեպ՝ հավատի աղբյուր: 

Դաշինքի ծրագրերը մնացին անկատար: Գոյության 212-րդ օրը՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, «Միասնություն»-ը գլխատվեց տականքի ձեռքով:

Ոչինչ հենց այնպես չի կորչում: Մտքերը, գաղափարներն ու հնչեցրած խնդիրները մի օր դուրս են բերվում դարակներից ու մաքրվում մոռացության փոշուց: Նրանք ու իրենց ծնած կերպարները սկզբում դանդաղ, ապա շռնդալից հեղեղում են մարդկային հոգիներն ու ուղեղները՝ համախմբելով եւ ուղղորդելով նրանց դեպի մեծ ու սքանչելի գործեր: Այդպիսիները՝ որպես խարիզմատիկ անհատականություններ, դարձյալ առաջնորդում են մարդկանց, ինչպես կենդանության օրոք: Դա, վստահաբար, կարող է վերաբերել Կարեն Սերոբի Դեմիրճյանին՝ մեծ ու պահանջված անհատին:

Ռուզաննա Մկրտչյան