Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 - 2022-04-14T173829.003
A A
Հասարակություն

E-justice.am հարթակի շնորհիվ հեշտանալու է դատարանների հետ քաղաքացիների հաղորդակցումը

ԵՄ «Էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակում և ներդրում Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսի մասնակցությամբ ներկայացվել է Էլեկտրոնային արդարադատության հարթակը: Հայտնում է Արդարադատության նախարարությունը։

Ծրագրի իրականացման համար ԵՄ-ի հայտարարած մրցույթում հաղթող է ճանաչվել կոնսորցիումը, որի հիմնական անդամը ֆրանսիական SOFRECO կազմակերպությունն է, մյուս անդամը՝ գերմանական IRZ հիմնադրամը:

Ծրագրով նախատեսվող էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակը թույլ է տալու մեկ էլեկտրոնային գրասենյակի միջոցով ներկայացնել և ստանալ փաստաթղթեր ու տեղեկություններ արդարադատության ոլորտի տարբեր մարմիններից, հետևել վարույթների իրականացման ընթացքին և մասնակցել իրականացվող գործընթացներին, այդ թվում՝ դատական համակարգում, իրավապահ համակարգում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում։

Ծրագրի արդյունքում ներդրվելու է կենտրոնացված էլեկտրոնային կառավարման համակարգ` E-justice.am հարթակ, որի միջոցով արդարադատության ոլորտի շահառուներն ու քաղաքացիները հնարավորություն են ստանալու մեկ հարթակի միջոցով մուտք գործել և հասանելիություն ստանալ արդարադատության մարմիններում ինչպես ներկայումս գործող, այնպես էլ նոր համակարգերին: Արդյունքում՝ բազմաֆունկցիոնալ և օգտագործողի համար հասանելի միասնական հարթակի ներդրմամբ արդարադատությունն ավելի մոտ է դառնալու մարդկանց, հեշտանալու է դատարանների և արդարադատության ոլորտում գործող այլ կազմակերպությունների հետ քաղաքացիների հաղորդակցումը:

Այնուհետև տեղի է ունեցել «Էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակում և ներդրում Հայաստանում» ԵՄ ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել և ընդունվել է ծրագրի մեկնարկային հաշվետվությունը:

Միջոցառման երկու փուլերում էլ տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ, ծրագրի շահառու մարմինների կողմից հնչել են բազմաթիվ առաջարկներ: