«Դուք փաստեցիք այն, ինչը ես ասել եմ»․ Վիգեն Խաչատրյանը վերահաստատեց իր ասածը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ձեր մեկնաբանությունը ես չեմ կարող մեկնաբանել» ,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Լրագրողները փորձում էին հասկանալ թե ի՞նչ նկատի ուներ պատգամավորը, երբ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց՝ 1988 թվականը բերեց նրան, որ Դաշտային Ղարաբաղը հայաթափվեց, իսկ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էլ ապագա կունենար։
Պատգամավորը ընդհատում էր լրագրողներին և խնդրում, որ իր խոսքերը կոնկրետ մեջբերեն։
«Մենք ինչ-որ մի կետում պետք է մեզ հաշիվ տա՞նք, ինչքա՞ն պետք է կորցնենք»,-հարցադրում արեց Վիգեն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ հետևաբար ինչ-որ բան սխալ է հաշվարկվում։
Պատասխանը լրագրողների մոտ նոր հարցեր առաջացրեց․ զուգահեռ հնչեց մի քանի հարց, դա դուր չեկավ պատգամավորին և նա կոպիտ տոնով պատասխանեց՝ «Էտ վրացական երգչախումբը թարգեք»։
«Դուք փաստեցիք այն, ինչը ես ասել եմ, դուք հարց չտվեցիք»,-շարունակեց պատգամավորը։
Նա բացատրեց, երբ վարչապետն ասում է, որ Արցախի հարցում պետք է իջեցնել նշաձողը, նա նկատի չունի, որ մենք այդպես ենք անելու, այլ ուզում է ասել, որ այդպես է ուզում միջազգային հանրությունը։ Սկսվեց խժդժություն, պատգամավորը փորձեց բանավեճի մեջ մտնել լրագրողների հետ։ Լրագրողներից մեկը կրկին փորձեց ճշտել պատգամավորի այն պնդումը, թե արդյոք Ադրբեջանի կազմում ներառվելով Արցախի իրավունքները պաշտպանվելու են։
«Ես նորից եմ ասում, դուք հարցը ինձ եք ուղղում, մենք խոսում ենք մեր գործընկերներից։ Դա նշանակում ա խուսափել երկխոսությունից, երբ որ քեզ ասում են նշաձողն իջեցրում ես, պետք է այդ մարդու հետ խոսեմ»,-ասաց Վիգեն Խաչատրյանը։