Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ԼՂ հարցը լուծվող է, եթե Հայաստանի որոշ շրջանակներ «պապայից» հրաժարվեն․ Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Երկու տարբերակ կա՝ անցյալի իմաստով, եթե չէիք ուզում իջեցնել նշաձողը, ապա բանակը չպիտի կողոպտեիք։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ ասվում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի Արցախի կարգավիճակի հետ կապված Հայաստանը իջեցնի նշաձողը։

«Պիտի ունենայիք պրոֆեսիոնալ բանակ, որոնք պետք է ապրեին այնպես, ինչպես Հնդկաստանի վարչապետն էր ապրում ժամանակին։ Եթե այդ բանակը չունեք՝ նշաձողը ուզում եք իջեցնեք, ուզում եք բարձրացրեք՝ արդեն ենթարկվում եք ուժերի հավասարակշռությանը»,- ասաց Լեւոն Շիրինյանը, նշելով․ «Մեր նշաձողը եղել է՝ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում»։

Ըստ Լևոն Շիրինյանի՝ Հայաստանի քաղաքական շրջանակների համար այդ հարցը միշտ եղել է անորոշ։

«Հայաստանի իշխանությունները գնացել են՝ բանակցություններ վերադարձնելու մասին ճանապարհով։ Եվ առաջին հերթին Ռուսաստանն է, որը ժամանակին հրահրեց իր մանկլավիկներով Արցախյան հարցի բորբոքելը և պատերազմը կազմակերպեց, սանձազերծեց Ռուսաստանը՝ Ադրբեջանի ձեռքով՝ Թուրքիայի օգնությամբ։ Պուտինն էլ ասեց՝ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»,- նկատում է Լևոն Շիրինյանը։

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ փորձագետների հետ զրույցում,  երբ վարչապետը հարցրել է՝ արդյո՞ք Արցախը կարող է լինել անկախ կամ Հայաստանի կազմում, նրան պատասխանել են՝ այո, եթե Ադրբեջանը կամենա։

Լևոն Շիրինյանը նշեց․ «Վարչապետը որոնում է դիվանագիտության խոսակցության դաշտ՝ Հայաստանի անվտանգությունը պահելու և Արցախի հարցը առաջ մղելու համար»։

Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահի խոսքով, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չեն կարող կարգավորվել, առանց Արցախի հարցի լուծման, բայց Լևոն Շիրինյանը գտնում է, որ այդ հարցը կարող է լուծվել։

«ԼՂ հարցը լուծվող է, եթե Հայաստանի որոշ շրջանակներ պապայից հրաժարվեն»,- նշում է Լևոն Շիրինյանը, նկատի ունենալով Ռուսաստանին։

Մանրամասները՝ տեսանյութում։