Ջեյմս Ուորլիք․ Եթե տեւական խաղաղություն եք ուզում, կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ․news.am (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am-ին։
Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել էիք, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման տեւական խաղաղություն չի լինելու։ Ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում կարգավիճակի եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցերը նորից բանակցային օրակարգ կվերադարձվեն։
Դրանք պետք է լինեն օրակարգում։ Հույս ունեմ՝ արտաքին գործերի նախարարները քննարկում են դա, որովհետեւ միայն սահմանները որոշելու եւ քարտեզներ վերակազմելու հարցը չի կարող լինել քննարկման առարկա։ Ես հավատում եմ, որ Հայաստանը պնդում է դա, եւ որ Ադրբեջանն էլ հասկանում, որ դա եւս պետք է բանակցությունների առարկա լինի։ Եթե ցանկություն կա սահմանների որոշման գործընթաց սկսել՝ հատկապես այնտեղ ռուսական ուժերի առկայության եւ պատերազմի հետեւանքով առաջացած փոփոխությունների լույսի ներքո՝ դա եւս հասկանալի է։ Բայց եթե տեւական խաղաղություն եք ուզում, կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ, այդ հարցը պետք է կողմերը կարգավորեն։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն ու Լեռնային Ղարաբաղի ապագան ինչպե՞ս եք տեսնում՝ հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրողությունները։
Այս հարցը, ի վերջո, պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարգավորեն։ Վերջին ամիսներին նրանք մի քանի անգամ հանդիպել են, եւ առաջիկայում պետք է շարունակեն լուրջ քննարկումները։ Կարծում եմ՝ առկա մի շարք խնդիրների կարգավորման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելը ճիշտ է։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դեռեւս կարող է օգնել երկրների ղեկավարներին առանցքային խնդիրներում լուծումներ գտնելու հարցում, ինչը կարող է երկարատեւ խաղաղության բերել։ Մենք չենք ցանկանում, որ հակամարտությունը մարտադաշտում շարունակվի։ Տեսանք, թե վերջերս ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում՝ կապված ձմռանը գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների հետ, մենք չենք ցանկանում, որ հումանիտար աղետ լինի այնտեղ։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին իմ կոչն է կրկնապատկել ջանքերը երկարատեւ կարգավորում գտնելու ուղղությամբ, որը կարող է խաղաղության եւ կայունության հանգեցնել։ Ես կուզեի տեսնել, թե ինչպես են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բարելավվում, եւ հայերն ու ադրբեջանցիները անվտանգ պայմաններում ապրում կողք կողքի։
Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը չգործի, հակամարտությունը կարո՞ղ է վերջնականապես կարգավորվել։
Իհարկե, կարող է։ Եթե Եվրոպական խորհուրդը ցանկանում է դերակատարում ունենալ, եւ կողմերի համար դա ընդունելի է, շատ լավ է։ Կարող են այլ կողմեր էլ միջնորդել, ինչպես եղել է նախկինում։ Մինսկի խումբը եւ ԵԱՀԿ-ն կախարդական ուժ չունեն, բայց ես կարծում եմ, որ միջազգային միջնորդության ինչ-որ տարբերակ պետք է գործի։ Կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերջում ցանկանում են միջազգային հանրության օրհնությունը ստանալ, ինչ համաձայնության էլ որ հասնեն։
Մանրամասները այստեղ