Հաղթեցինք, բայց մեծ դժվարությամբ
Հայաստանի մինչեւ 16 տարեկան շախմատիստները, որոնք վերջերս Թուրքիայում հաղթող ճանաչվեցին համաշխարհային պատանեկան օլիմպիադայում, այսօր «պաշտպանողական մարտավարություն էին ընտրել», քանի որ «Հայացք» մամուլի ակումբում ստիպված էին պատասխանել լրագրողների բազմաբնույթ հարցերին:
Հավաքականի մարզիչ Արսեն Եղիազարյանը, ամփոփելով մեր թիմի ելույթները օլիմպիադայում, ասաց, որ Հայաստանի ընտրանին չնայած բացահայտ հաղթանակներ տարավ, սակայն դրանք շատ մեծ դժվարությամբ էին ձեռք բերվում: «Առաջին ինը տուրերում մեր շախմատիստները հանդես եկավ լրիվ ուժով եւ ցույց տվեցին իրենց լավագույն հատկանիշները: Ճիշտ է, պորտուգալացիների հետ մրցավեճում մեր բախտն ինչ-որ տեղ բերեց, քանի որ տրամաբանական արդյունքը ոչ-ոքին էր: Բայց մրցակիցը սխալներ թույլ տվեց եւ մենք հաղթեցինք 4:0 հաշվով: Ինչ վերաբերում է վերջին հանդիպմանը, ապա այն մենք շատ արագ ոչ-ոքի ավարտեցինք, քանի որ տղաները մի փոքր հոգնած էին»:
Արսեն Եղիազարյանը կարծում է, որ օլիմպիական բարձունքին հասնելու ճանապարհին վճռական դեր խաղաց 2-րդ տուրում Ռուսաստանի թիմի նկատմամբ տարած հաղթանակը: «Այդ խաղից հետո թիմը վստահություն ձեռք բերեց եւ մեկ շնչով անցկացրեց ամբողջ մրցաշարը»:
Թիմի մարզիչը, այնուամենայնիվ, խոստովանեց, որ մեր պատանի շախմատիստները դեռ շատ անելիքներ ունեն ավելի բարձր արդյունքներ ցույց տալու համար: «Պատանի շախմատիստների հետ առաջին հերթին հարկավոր է ավելի շատ անհատական պարապմունքներ անցկացնեն մեր լավագույն մասնագետները: Միայն այդպես կարելի է շատ գիտելիքներ ձեռք բերել եւ հաղթանակների հասնել»:
Ինչպես պարզվեց մամուլի ասուլիսի ժամանակ, մեր պատանի օլիմպիական չեմպիոններից մեկը` Ռոբերտ Աղասարյանը, արդեն կողմնորոշվել է իր երկրորդ մասնագիտության հարցում. նա ցանկանում է իր հոր նման բժիշկ դառնալ: Իսկ ահա Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը, Կարեն Գրիգորյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը դեռեւս չեն մտածել այդ ուղղությամբ եւ մտադիր են էլ ավելի կատարելագործվել շախմատում: