Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

16 երջանիկները

Սպորտ
c5aedb90f2beb227938ff06e881d005f

Հայտնի դարձան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները: Այդ իրավունքը վաստակեցին անգլիական «Չելսին», «Արսենալը», «Մանչեսթր Յունայթեդը», «Տոտենհեմը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Վալենսիան», իտալական «Ինտերը», «Միլանը», «Ռոման», գերմանական «Բավարիան», «Շալկե-04»-ը, ֆրանսիական «Լիոնը», «Մարսելը», Ուկրաինայի «Շախտյորը» եւ Դանիայի «Կոպենհագենը»:

Երեկ կայացած 6-րդ տուրի վերջին 8 հանդիպումներում առավել սկզբունքային նշանակություն ունեին «Բավարիա» - «Բազել», «Կլուժ» - «Ռոմա» (E խումբ), «Շախտյոր» - «Բրագա», «Արսենալ» - «Պարտիզան» (H խումբ) հանդիպումները: Մյունխենցիները հեշտությամբ հաղթանակ տարան` 3:0, եւ պայքարից դուրս բերեցին Շվեյցարիայի չեմպիոնին: Երկրորդ ուղեգիրը նվաճեց «Ռոման», որը ոչ-ոքի խաղաց Ռումինիայի չեմպիոնի հետ` 1:1:

«Շախտյորն» ու «Արսենալը» խնդիրներ չունեցան սեփական հարկի տակ եւ վստահ հաղթեցին համապատասխանաբար «Բրագային» (2:0) եւ «Պարտիզանին» (3:1):

Մնացած 4 հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Մարսել» - «Չելսի»` 1:0, «Միլան» - «Այաքս»` 0:2, «Ժիլինա» - «Սպարտակ» Մոսկվա` 1:2, «Ռեալ» - «Օսեր»` 4:0:

Նշենք, որ խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերը` Հոլանդիայի «Տվենտեն», «Այաքսը», Կազանի «Ռուբինը», Մոսկվայի «Սպարտակը» (երկուսն էլ Ռուսաստան), Պորտուգալիայի «Բենֆիկան», «Բրագան», Շոտլանդիայի «Ռեյնջերսը» եւ Շվեյցարիայի «Բազելը» կշարունակեն ելույթները արդեն Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ՈՒԵՖԱ-ի նստավայրում: Այն վստահվել է «Մանչեսթր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Բոբի Չառլտոնին: Նշենք, որ 1/8 եզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան 2011 թվականի փետրվարի 15, 16, 22 եւ 23-ին, իսկ պատասխան հանդիպումները` մարտի 8, 9, 15 եւ 16-ին: