Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (10)
A A
Սպորտ

Հայաստանի ևս երկու ըմբիշ կպայքարի Եվրոպայի մեդալների համար

Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշները շարունակում են հաջող ելույթները Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

 

Այսօր մեկնարկած մեր երեք մարզիկներից երկուսը հաղթահարելով նախնական փուլի արգելքները, մտել են կիսաեզրափակիչ և կշարունակեն մեդալների համար պայքարը: Նրանք են 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը և 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Քառորդ եզրափակիչ փուլում առաջինը 3:2 հաշվով հաղթեց վրացի Պրիդոն Աբուլաձեին, իսկ երկրորդը մաքուր հաղթանակ տարավ նորվեգացի Մորտեն Տորեսենի նկատմամբ՝ 9:0:

 

Գևորգ Ղարիբյանը կիսաեզրափակիչում կհանդիպի Բուլղարիան ներկայացնող մեր հայրենակից Էդմոնդ Նազարյանի հետ, որը, ինչպես հայտնի է, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է: Սլավիկ Գալստյանի մրցակիցը հունգարացի Քրիստիան Վանկան է:

 

Պայքարը սկսեց նաև մեր 82 կգ քաշային Կարապետ Չալյանը: Նա մեկնարկում զիջեց մոլդովացի ըմբիշին և դուրս մնաց չեմպիոնական պայքարից:

 

Այսօր մեդալների համար իրենց մրցամարտերը կանցկացնեն մեր առաջին երեք ըմբիշները: 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակիչում ուժերը կչափի Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Բաշարի հետ: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը մոլդովացի Դենիս Միհայի հետ կվիճարկի բրոնզե մեդալը: Նույնպիսի մրցանակի համար կպայքարի նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որը կմրցի թուրք Ահմեթ Ույարի հետ: