Դիդիե Դրոգբան խոստովանել է
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբան խոստովանել է, որ անհամբերությամբ է սպասում չեմպիոնների լիգայի ֆրանսիական «Մարսելի» հետ այսօր կայանալիք հանդիպմանը. «Ես արդեն 6 տարի է հանդես եմ գալիս «Չելսիում»: Իմ ընտանիքը իրեն լավ է զգում Լոնդոնում: Սակայն «Մարսելը» միշտ իմ սրտում է»:
Կոտդիվուարցի ֆուտբոլիստի խոսքերում զարմանալի ոչինչ չկա, քանի որ նա մեծ ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է հենց Մարսելում: 2003/04 թթ մրցաշրջանում Դիդիե Դրոգբան քաղաքի համանուն թիմի կազմում դարձել էր Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու, ինչպես նաեւ ճանաչվել լավագույն խաղացող: Հենց այդ մրցաշրջանի ավարտից հետո նա հրավերք էր ստացել անգլիական ակումբից:
«Համոզված եմ, որ ինձ լավ կընդունեն Մարսելում, սակայն այժմ ես ավելի շատ մտածում եմ «Չելսիի» խաղի մասին: Հուսով եմ, որ կմասնակցեմ հանդիպմանը, չնայած վերջին շաբաթում հիվանդ էի եւ այժմ լավ մարզավիճակում չեմ գտնվում»,-ասել է նա:
Հարկ է նշել, որ «Մարսել» - «Չելսի» հանդիպումը մարզական առումով ոչ մի նշանակություն չունի, քանի որ երկու թիմերն էլ արդեն նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգրեր:
Այսօր կայանալիք մնացած խաղերից վճռորոշ դեր ունեն հիմնականում «Բավարիա» - «Բազել», «Կլուժ» - «Ռոմա» (E խումբ), «Շախտյոր» - «Բրագա», «Արսենալ» - «Պարտիզան» (H խումբ) հանդիպումները, որոնք կանվանեն 1/8 եզրափակիչի եւս երեք մասնակիցներին: Մնացած 3 խաղերը` «Միլան» - «Այաքս», «Ժիլինա» - «Սպարտակ» Մոսկվա, «Ռեալ» - «Օսեր», մարզական առումով նույնպես ոչ մի նշանակություն չունեն:
Նշենք, որ այսօրվա խաղերով կավարտվի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլը: