Հայ սամբիստը` ՌԴ չեմպիոնուհի
Հայազգի սամբիստուհի Քրիստինե Կարեկյանը հավասարը չունեցավ Ռուսաստանի առաջնության 51 կգ քաշայինների մրցումներում: Հաղթելով իր բոլոր մրցակիցներին` Սոչիի թիվ 10 մարզական դպրոցի սանուհին հռչակվեց ՌԴ չեմպիոնուհի: Այս հաջողությունից հետո Քրիստինե անմիջապես հրավիրվել է Ռուսաստանի հավաքական:
Իսկ ահա Շվեդիան ներկայացնող հայազգի հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ Շարուր Վարդանյանը հաջող հանդես եկավ այդ երկրում ամեն տարի անցկացվող Haparanda Cup միջազգային մրցաշարում: 66 կգ քաշայինների մրցումներում նա միայն եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Յուրի Դենիսովին եւ արժանացավ արծաթե մեդալի:
Ձյուդոի Ուկրաինայի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրին նաեւ մեր հայրենակիցները: Կանանց մինչեւ 57 կգ քաշային կարգի մրցումներում Կիեւը ներկայացնող Շուշաննա Ղեւոնդյանը նվաճեց բրոնզե մեդալ: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Զապորոժիեի մարզի հավաքականի անդամ Սուրեն Մկրտչյանը, որը հանդես եկավ մինչեւ 60 կգ քաշային կարգում: