Մտահոգիչ ժողովրդագրական ցուցանիշներ․ Հայաստանի հնարավորությունների պատուհանը մինչեւ 2026 թիվն է (տեսանյութ)
Ամեն տարի աշխարհում բոլոր հղիությունների գրեթե կեսը չնախատեսված է ։ Դրանց ավելի քան 60 տոկոսն ավարտվում է աբորտով, որոնց 45 տոկոսը անվտանգ չեն։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի բնակչությունը 2022» զեկույցը։ Այն այս տարի նվիրված է աշխարհում չնախատեսված և անցանկալի հղիությունների խնդրին։
Լրագրողների հետ հանդիպմանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրական ծրագրերի ղեկավար Աննա Հովհաննիսյանն այսօր անդրադարձավ Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշներին, որոնք այնքան էլ հուսադրող չեն՝ դեռեւս 2010թ-ին արված կանխատեսումների համաձայն։
«2026 թվականից հետո մենք տեսնում ենք, որ կախյալության գործակիցը՝ տարեցների և երեխաների տեսակարար կշիռն է աշխատունակ տարիքի բնակչության մեջ։ Այսինքն՝ աշխատունակ տարիքի մեկ բնակիչ քանի երեխայի և տարեցի մասին է հոգ տանում։ Այսինքն նրա տնտեսական բեռը ինչքան է։ Եվ հիմա մեզ մոտ այդ կախյալության գործակիցն ավելի ցածր է»,- ասաց նա։
Ըստ Աննա Հավհաննիսյանի՝ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի հնարավորությունների պատուհանը մինչեւ 2026թ-ն է։
Հայաստանի ժողովրդագրական ամենալուրջ մարտահրավերը արտագաղթն է, եւ հատկապես երիտասարդների թվի նվազումը։ Կա այլ խնդիր էլ․
«Աշխարհում գոյություն ունի նաև մեկ այլ ցուցանիշ՝ NEET: Սա այն երիտասարդների տեսակարար կշիռն է, որոնք ոչ կրթություն են ստանում, ոչ զբաղված են, ոչ էլ ներառված են որևէ կրթական ծրագրերում։ Եվ Հայաստանն այս ցուցանիշով ամենաբարձրն է»,- ասաց Աննա Հովհաննիսյանը։
2020 թվականին մահերի բացարձակ թիվը աճել է 10 հազարով։
«Սա քովիդի և պատերազմի արդյունքում եղած մահերն են։ Պետք է հաշվի առնենք, որ 2021 թվականին այդ թիվը շատ քիչ իջավ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։