Ադրբեջանում պետք է հստակ իմանան՝ Իրանը կարող է չսահմանափակվել միայն հայտարարություններով. իրանագետ
Աջակցիր «Ա1+»-ինԻրանական կողմը նման հայտարարություններ անում է՝ առաջին հերթին ելնելով իր շահերից։ Թեկուզ խոսքը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին է, բայց առաջնայինը Իրանի շահն է, որը համընկնում է մեր շահի հետ։
«Ա1+»-ի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին օրերի իրանական կողմից հնչեցված՝ Հայաստանի համար շահեկան հայտարարություններին և հավելեց, որ Հայաստանն անպայման պետք է օգտվի դրանից։
Իրանագետը այս համատեքստում հիշեցնում է՝ երբ անցած տարվա սեպտեմբերից շրջանառվում էր, թե ադրբեջանա-թուրքական զորքերը ցանկանում են Սյունիքի մարզի հետ կապված քայլեր ձեռնարկեն, Իրանը զորավարժությունների միջոցով հստակ ուժի ցուցադրություն իրականացրեց, որը մեսիջ էր՝ տարածաշրջանում չի հանդուրժելու միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխություն։
«Եթե հիշում եք՝ Իրանի հոգևոր առաջնորդն այսպիսի հայտարարություն արեց և նշեց, որ տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար, և այս հայտարարությունն էլ այս համատեքստում պետք է դիտարկենք»,-ասում է իրանագետը նշելով․ «Եթե մեկ այլ պետություն խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, և ներկայումս մենք գտնվում ենք բավականին բարդ վիճակում, պետք է օգտվենք դրանից, քանի որ ունենք գործիքակազմ»։
Փորձագետը նշում է, որ իրանական կողմը նման հայտարարություն արել է ի պատասխան ադրբեջանական կողմի այն անհեթեթ հայտարարությունների, թե կարող են մտնել Հայաստան և զենքով գրավել իրենց պատկանող տարածքները:
«Իրանը բազմիցս նշել է, որ չի հանդուրժելու իր սահմանին իսրայելական և ահաբեկչական խմբավորումների ներկայությունը»,- ընդգծում է Ահարոն Վարդանյանը և հիշեցնում, որ զգուշացումների ֆոնին Իրանը վերջերս ռմբակոծել է Իրաքյան Քրդստանի բազաներից մեկը, որում, ըստ իրանական կողմի, եղել են իսրայելական և ահաբեկչական կառույցներ։
«Նման կառույցներ կան նաև Ադրբեջանում։ Եվ սրա մասին բարձրաձայնել են ինչպես ռուսական, եվրոպական, այնպես էլ իրանական կողմերը։ Իրանն իր գործողություններով ցույց է տվել, որ նման ուժերի ներկայությունը չի հանդուրժելու։ Եվ եթե սրան էլ գումարենք Իրանի հայտարարությունները, որ տարածաշրջանի միջազգայնորեն հաստատված սահմաները կարմիր գիծ են՝ մասնավորապես ՀՀ-ն, ապա կարծում եմ՝ Ադրբեջանում պետք է հստակ հասկանան, ինչի հետ գործ ունեն և Իրանը կարող է չսահմանափակվի միայն հայտարարություններով»,-ընդգծեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։