Շատ հավանական սցենար կա, որ ՀՀ-ն ռուսների պատճառով կորցնի պետականությունը․ Ա․Քոչինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կարևոր է, որ մեր հասարակությունը վերջապես հասկանա, թե ռուսական խաղաղապահ զորակազմի դերը Արցախում որն է։ Ես զարմանում եմ, որ մարդիկ կան, որոնք մտածում են, թե նրանց դերը արցախահայության խաղաղության ապահովումն է։ Չկա նման բան։ Նրանց դերը ռուս-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանի հետ պայմանավորվելու լրացուցիչ օղակ աշխատելն է։ Երբ պահը կգա, կդառնա ճնշման օղակ, երբ պահը կգա, կդառնա զիջման օղակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով վերջին օրերում Արցախի Փառուխ գյուղում տեղի ունեցած իրադարձություններին։
Հարցին, թե ինչո՞ւ են մեր զինվորները հավատացել ռուս խաղաղապահներին և միակողմանի ետ քաշվել, քաղաքագետն ասում է, այնտեղ հայկական կողմ չի էլ եղել․
«Այնտեղ կա թուրքական Արցախ և ռուսական Արցախ։ Արցախը չի կարող որևէ որոշում իրականացնել առանց ռուսական կողմի համաձայնության»,- ասում է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած 5 կետերին՝ քաղաքագետն ասում է, եթե մենք դրանց չհամաձայնենք, հաջորդիվ ավելի վատ բան ենք ստանալու։ Եվ որ այս փուլում անհրաժեշտ է պայմանավորվել և ադրբեջանցիների, և թուրքերի հետ։ Իսկ Թուրքերի հետ պետք է բանակցել բացառապես առանց միջնորդության»։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի միջամտությանը տարածաշրջանային զարգացումներին և ընդհանրապես այն իրավիճակին, որում գտնվում է այդ երկիրը, ասում է․
«մենք մոտ ենք այն իրավիճակին, որ ռուսական կայսրությունը կփլվի մեր գլխին»։
Ա․Քոչինյանը գտնում է, որ Հայաստանն ինքն էլ գտնվում է բավականին վտանգավոր իրավիճակում, և այս պահին, քանի դեռ հնարավոր է, պետք է մտածի պետականության պահպանման մասին։ «Շատ հավանական սցենար կա, որ ՀՀ-ն իր պետականությունը կորցնի ռուսների պատճառով»,- ասում է նա։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մահացու վտանգավոր է ՌԴ-ի համար։ ՌԴ-ի արմատական շահն է, որ ՀՀ և Թուրքիայի հարաբերությունները երբևէ չկարգավորվեն։