Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա նշանավոր պատմաբան Գեղամ Կիրակոսյանի գրքի շնորհանդեսը
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 2-ին, ժամը՝ 15։00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա նշանավոր պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Գեղամ Կիրակոսյանի «Հայաստանը Լանկ-Թեմուրի և թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում (1386-1500թթ)» և «Սասուն» գրքերի շնորհանդեսը, որը նվիրվում է գիտնականի 90-ամյա հոբելյանին։
Գեղամ Կիրակոսյանը ավելի քան չորս տասնամյակ դասավանդել է Հայաստանի մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում, եղել է պատմության ֆակուլտետի դեկանը, պրոֆեսոր: Դասավանդել է համաշխարհային պատմության նորագույն շրջանը և մասնագիտական մի շարք դասընթացներ: Հեղինակել է 40-ից ավելի գիտական հոդվածներ և 4 մենագրություն: Նրա պատմագիտական հետաքրքրությունների շրջանակները ընդգրկում են միջնադարյան Հայաստանի հարուստ պատմության հիմնահարցերից մինչև Սասունի պատմությունը։ Պատմաբանի «Հայաստանը Լանկ-Թեմուրի և թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում (1386-1500թթ)» (1997թ.) մենագրությունը նվիրված է հայոց պատմության միջնադարի քիչ ուսումնասիրված շրջանին: Նրա պատմագիտական ժառանգության մեջ ուրույն տեղ ունեն հուշագրությունները նվիրված իր հայրենի բնօրրանի պատմությանը` «Հողի և արյան կանչով», «Էրգիրն է կանչում» աշխատությունները: