Բացել լրահոսը Փակել լրահոսը
GEV_2265
A A
Հասարակություն

Առաջարկվում է բարձրացնել տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափը

Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար Օրենսգրքի 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափն ավելացնել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել երեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Նախագծի ընդունմամբ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40 տոկոսը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։