Գերազանց գնահատական
Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ամփոփելով մրցաշրջան-2010-ի արդյունքները, ասաց, որ գերազանց է գնահատում թիմի ելույթները: «Փյունիկը» այս տարի տիրեց բոլոր մրցանակներին, դարձավ երկրի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, ուստի լիովին գոհ եմ թիմի ելույթներից»:
Խոսելով հետագա պլանների մասին, Վարդան Մինասյանն ասաց, որ թիմը նոր մրցաշրջանին սկսելու է նախապատրաստվել դեկտեմբերի 10-ից. «Սկզբում ֆուտբոլիստները անհատական պարապմունքներ կանցկացնեն, իսկ 27-ից թիմը արդեն լրիվ կազմով կհավաքվի եւ կսկսի պատրաստվել նոր մրցաշրջանին»:
Հանրապետության չեմպիոնը մինչեւ 2011 թվականի մեկնարկը նախատեսել է երեք ուսումնամարզական հավաք: Թիմի կազմն առայժմ համալրել են «Փյունիկ-2»-ի վեց ֆուտբոլիստներ:
«Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, թե ինչպես է ապահովելու ֆուտբոլիստների միջեւ ներքին մրցակցությունը, քանի որ թիմից հեռացել են մի քանի խաղացողներ, այդ թվում լեգեոնականները, Վարդան Մինասյանն ասաց. «Այո, «Փյունիկից» հեռացել են Հովհաննես Գոհարյանը, աֆրիկացի լեգեոնականը, դարպասապահ Լեսկոն, բայց դա չի նշանակում, որ մենք այլեւս ֆուտբոլիստներ չունենք: Առաջին երկուսը հենց մրցակցությանը չդիմանալու համար հեռացան թիմից: Ես այնքան էլ չեմ կարեւորում մրցակցությունը, այլ մտածում եմ հավաքականի համար նոր խաղացողներ պատրաստելու մասին»:
«Փյունիկի» գլխավոր մարզիչը կարծում է, որ 2011 թվականի Հայաստանի առաջնությունը պետք է անցկացնել 4 շրջանով, չնայած ավելացել է մասնակիցների, դրա հետ միասին խաղերի քանակը: «Ես որեւէ խնդիր չեմ տեսնում խաղերի քանակի ավելացման հետ: Հակառակը, մենք այդպես ավելի կմոտենանք եվրոպական երկրների առաջնություններին, որտեղ թիմերը անցկացնում են 34-38 հանդիպումներ»: