Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+iga 3
A A
Սպորտ

Ֆրանսիական, իտալական և իսպանական ֆիասկոներ. Եվրոլիգաներ

Ավարտվեցին ֆուտբոլի եվրոպական երեք լիգաների (չեմպիոնների, Եվրոպայի, Կոնֆերենցիայի) 1/8 եզրափակիչ փուլի խաղերը:

Մասնակից երկրներից այս փուլում բոլորից շատ կորուստ կրեց Ֆրանսիան, որի 4 ակումբները դուրս մնացին պայքարից: Դրանք են «Լիլը», «ՊՍԺ»-ն (չեմպիոնների լիգա), «Մոնակոն» (Եվրոպայի լիգա) և «Ռենը» (Կոնֆերենցիայի լիգա):

Այս փուլում երեք ակումբից զրկվեց Նիդեռլանդները («Այաքս», «Վիտես», «ԱԶ»), երկուական` Իտալիան («Ինտեր», «Յուվենթուս»), Իսպանիան («Սևիլյա», «Բետիս»), Պորտուգալիան («Սպորտինգ», «Պորտու»): Իրենց վերջին մասնակիցներին կորցին Սերբիան, Ավստրիան, Դանիան, Բելգիան, Թուրքիան, Շվեյցարիան, Ռուսաստանը:

Սույն երեք մրցաշարերի քառորդ եզրափակիչում բոլորից շատ մասնակիցներ կունենա Անգլիան` 5: Ապա գալիս է Իսպանիան` 4, Գերմանիան` 3: Երկուական թիմով հանդես կգան Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդեռլանդները:

Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունները, որի ժամանակ թիմերը նախապես չեն բաժանվի առանձին զամբյուղների: Հիշեցնենք, որ Կոնֆերենցիայի լիգայի 1/4 եզրափակիչ է մտել նաև մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Հռոմի «Ռոման»: