Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 1 (15)
A A
Սպորտ

Ֆիասկո Թուրինում. Իտալիան մնաց առանց չեմպիոնների լիգայի

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի վերջին պատասխան խաղերը:

 

Գործող գավաթակիր «Չելսին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Ֆրանսիայի չեմպիոն «Լիլին» և վստահ մտավ քառորդ եզրափակիչ, քանի որ անգլիացիներն առավելության էին հասել նաև առաջին խաղում (2:0): Լոնդոնյան ակումբը 11-րդ անգամ մտավ քառորդ եզրափակիչ, իսկ ահա «Լիլը» դեռ նման հաջողության չի հասել:

 

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը լիգայում անցկացրած 50 խաղերում տոնեց 32-րդ հաղթանակը: Նա գերազանցեց Զինեդին Զիդանին պատկանող ռեկորդը, որն այդքան խաղում տարել էր 31 հաղթանակ:

 

Օրվա երկրորդ խաղում իտալական «Յուվենթուսը» սեփական դաշտում ընդունեց իսպանական «Վիլյառեալին», որի հարկի տակ ոչ-ոքի էր խաղացել` 1:1: Թուրինում գրանցվեց խոշոր անակնկալ: Մինչև 78-րդ րոպեն հավասար պայքար էր ընթանում, սակայն դրանից հետո իսպանացիները մեկը մյուսի ետևից երեք գոլ խփեցին և խոշոր հաշվով հաղթանակ տարան` 3:0: Այդպիսով, Իտալիան զրկվեց չեմպիոնների լիգայի իր վերջին մասնակցից:

 

«Յուվենթուսը» երկրորդ անգամ խոշոր հաշվով պարտություն կրեց իր հարկի տակ: 2008 թվականին Թուրինում 4:1 հաշվով հաղթանակ էր տոնել Մյունխենի «Բավարիան»: «Յուվենթուսը» մինչ այդ սեփական հարկի տակ տարել էր 10 անընդմեջ հաղթանակ: «Վիլյառեալը» երրորդ անգամ մտավ չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլ: