Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ադրբեջանի առաջարկներն ամբողջությամբ կասկածի տակ են դնում Արցախի գոյության հարցը․ բողոքի ակցիա (տեսանյութ)

Այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկեց 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածների հերթական ակցիան։ Ակցիայի մասնակիցները նախ քայլեցին Կառավարության շենքի մոտ՝ օրվա իշխանություններից պահանջելով հստակ գնահատականներ հնչեցնել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ակցիայի մասնակից Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց Արցախում ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ շուրջ 10 օր է Արցախում չի գործում գազամատակարարումը, ադրբեջանական կողմը ագրեսիվ գործողություններ է իրականացնում Խրամորթի և այլ գյուղերի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Ակցիայի մասնակիցները Կառավարության շենքի մոտից շարժվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց և կազմակերպությանը փոխանցեցին հերթական նամակը, որտեղ հստակ պահանջներ էին ներկայացրել։ Լևոն Հայրյանը ընթերցեց նամակի բովանդակությունը, որտեղ ասվում էր․ «Արցախցիները պահանջում են միջազգային ավտանգության երաշխիքներ, որպեսզի վերադառնան Արցախ կամ էլ Հայաստանում հստակ կարգավիճակ ունենան»։

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից շարժվեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության շենք, ևս մեկ նամակ փոխանցեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին։ Այս նամակում տեղահանված արցախցիները խնդրում էին, որ Ֆրանսիան նրանց ապաստան տրամադրի։ Այստեղից էլ ակցիայի մասնակիցները շարժվեցին ՀՀ ԱԳՆ-ի մոտ։

Նրանց հատկապես մտահոգում է Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունները։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ այդ առաջարկներն ամբողջությամբ կասկածի տակ են դնում Արցախի գոյության հարցը։ Մանրամասները՝ տեսանյութում։