Այն, ինչին հիմա փորձում է հասնել Բաքուն՝ իրական կապիտուլյացիա է․Տաթևիկ Հայրապետյան
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 9-ից իվեր, ադրբեջանական կողմը հետևողականորեն պնդում է, որ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի և ներկայացնում էր այն, ինչ ինքը պատկերացնում է դրա ներքո։
«Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ներկայացված նախապայմաններին, ասաց ադրբեջանագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, նշելով, որ Ադրբեջանի համար կարևոր է Արցախի հիմնահարցի վերջնական փակումը։
«Եթե նախագահի մակարդակով հայտարարում են, որ այդպիսի հարց գոյություն չունի, հիմա էլ փորձում են հասնել դրա ամրագրմանը։ Հայկական կողմը հունվարին, մինչև արտահերթ ընտրությունները, Մոսկվայում նշել էր, որ այդ խնդիրը լուծված չէ և հետագայում այդ դիրքորոշումն էր փորձում առաջ տանել»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը, կարծիք հայտնելով, որ Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը, կամ մինչ այդ՝ դեռևս երկու օր առաջ արված հայտարարությունը, որ դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբին, ցույց է տալիս, որ հայկական կողմը պաշտոնապես հայտարարում է, որ չի ընդունում նախապայմաններով բանակցություններ սկսելու ադրբեջանական առաջարկը։
Նախկին պատգամավորը հավելում է, որ Բաքուն անում է այն, ինչ մեզ չհաջողվեց անել իննսունականներից հետո․
«փորձում է ամրագրել իր ռազմական հաջողությունը՝ խաղաղության պայմանագրի տեսքով, որպես հաղթող կողմ, հարկադրելով Հայաստանին՝ հրաժարվել բոլոր հնարավոր պահանջներից։ Թեև այն հաջողությունը, հաղթանակը, որ կար իննսունականներին և հետո, ես կարծում եմ, մենք այն ժամանակ իսկապես ունեինք շատ ավելի մեծ հնարավորություններ, որոնցից չենք կարողացել օգտվել, քանի որ վախեցել ենք հայտարարել, որ հաղթանակ ենք տարել, իսկ Բաքուն չի վախենում իր հաղթանակից»։
«Ես դրական եմ գնահատում, որ դիմում են Մինսկի խմբին և միջազգային կառույցներին։ Ինձ համար ամենամեծ բացն այն է, որ մեր իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգի մասին, բայց չկա խաղաղության օրակարգի տեսլականը, բովանդակությունն ու կարմիր գծերը։ Սա մեծ խնդիր է, որը հարցեր է առաջացնում ներհայաստանյան տիրույթում»,- ասաց նախկին պատգամավորը, հույս ունենալով, որ իշխանությունները տեսլական կմշակեն, թե ինչպիսի խաղաղություն են պատկերացնում երկրի համար։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, ինչու՞ այս անգամ էլ այս առաջարկության մասին իմացանք ադրբեջանական կողմից, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ կա այդ խնդիրը, որ հիմնականում մամուլից ենք տեղեկանում կամ հակառակորդ երկրի մամուլից, կամ էլ տեղական անհայտ աղբյուրներից։
«Ես վստահ եմ, որ իշխող թիմում, խորհրդարանում, շատերն ընդհանրապես տեղյակ չեն այս խոսակցություններից, որովհետև նախկինում խաղի կանոնները հայտնի չէին։ Հայտնի չէր, որ պետության համար կարևոր այդ որոշումներն ընդունվելու են շատ նեղ շրջանակի կողմից»,- ասաց փորձագետը, շեշտելով, որ հիմա խաղի կանոնները պարզ են և ինքը վստահ է․ «իմ նախկին գործընկերները ընդհանրապես տեղյակ չեն, թե իրենց թիմում ինչ կուլիսային խոսակցություններ են ընթանում։ Դրա համար էլ որևէ հայտարարություն չեն անում դրա հետ կապված»։
Տաթևիկ Հայրապետյանը շեշտեց․ «Այն, ինչին հիմա փորձում է հասնել Բաքուն՝ իրական կապիտուլացիա է, այսինքն՝ Հայաստանի հրաժարում Արցախից»։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակի ֆոնին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ պաշտոնական Երևանը փորձում է այդ գործընթացները տարանջատել, մինչդեռ և Անկարան, և Բաքուն այս գործընթացները սերտորեն կապում են իրար։
«Դեռևս Ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ հայտնի էր, որ մեծ ճնշում է գործադրվում Անկարայի վրա՝ փորձելով տապալել այդ գործընթացը։ Իհարկե, իր շահերից ելնելով՝ դրան ընդառաջ գնաց Անկարան»,- ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, հիշեցնելով Չավուշօղլուի հայտարարությունը՝ «սխալ է, որ այս գործընթացում միջնորդներ լինեն Բաքվի և Երևանի միջև։ Եվ միշտ էլ ցույց են տալիս, որ իրենք խնդիրները միասին են լուծելու, որն առավել ընդգծվում է վերջին պատերազմից հետո»։
Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու համար բանակցություններ սկսել պաշտոնական Երեւանի հետ՝ պայմանով, որ Հայաստանն ընդունի իր ներկայացրած 5 նախապայմանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ներկայացված նախապայմաններն են՝ երկու երկրների կողմից փոխադարձ կերպով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում, հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, եւ իրավական ամրագրում, որ նման պահանջ չեն ունենա նաեւ ապագայում, կողմերը միմյանց անվտանգության սպառնալիք չպետք է հանդիսանան, դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։
Պաշտոնական Երևանը արձագանքել է Բաքվի առաջարկին, հայտարարելով՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։