Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (4)
A A
Քաղաքականություն Հասարակություն

Mail.ru-ում գրանցվածները պետք է տեղափոխվեն․ Գրիգորի Սաղյանի խորհուրդները

 «Հայաստանի Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը պատասխանել է A1+-ի հարցերին։

 

-Պրն Սաղյան, այսօր Ռուսաստանում շարունակաբար անհասանելի են դառնում մի շարք միջազգային հեղինակավոր ընկերությունների կայքեր, կարո՞ղ է արդյոք դրանց ռուսական համարժեքների դեպքում, օրինակ՝ Yandex Disk-ում ֆայլ պահելը  կամ mail.ru-ից օգտվելը դառալ թեկուզ մասնակի վճարովի:

-Չեմ կարծում, որ կդառնա վճարովի։ Առաջինը ինչ որ պետք է անել, հետևյալն է՝ եթե դուք ունեք էլեկտրոնային փոստարկղ, եթե չատերը պահպանել եք, ապա պետք է տեղափոխել այլ տեղ։ Օրինակ՝ եթե Mail.ru-ի մասին է խոսքը, փոխադրել Gmail: Այնտեղ ինստրուկցիաներ կան, թե ինչպես տեղափոխել։ Դա շատ հեշտ է գտնելը։

-Իսկ ինչու՞ տեղափոխել։

-Հիմա Ռուսաստանում կատարվում է ինտերնետի ֆիլտրացիա։ Ինչպես Ռուսաստանի ներսում, այնպես էլ դրսի ընկերությունները ինչ-որ սահմանափակումներ են դնում։ Եթե ներսից են փակում՝ «Ռոսկոմնադզորի» կողմից, դա նշանակում է, որ արգելափակող օպերատորների սարքավորումները սկսում են լավ չգործել։ Շատ դեպքերում մի արգելափակման հետևանքով շատ այլ ծառայություններ ևս դառնում են անհասանելի։ Եվ դա ոչ միայն Հայաստանից օգտվողների համար։ Սա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում արգելափակման կատարյալ գործիք չկա։ Նույն կերպ ռուսական ամպային պահոցներում նյութեր ունեցողները արժի որ տեղափոխեն այլ տեղեր։

-Մենք տեսնում ենք, որ հայկական փորձագիտական դաշտից շատերը սկսել են Telegram-ում ալիք բացել, իրենց ռուսաստանյան լսարանը չկորցնելու համար, քանի որ Ռուսաստանում հասանելի չէ Ֆեյսբուքը։ Արդյո՞ք Telegram-ի ընտրությունը ճիշտ է՝ հաշվի առնելով այն, որ որոշ ժամանակ առաջ Telegram-ը ևս հասանելի չէր Ռուսաստանում։

-Telegram-ը այնտեղ միշտ հասանելի է եղել։ Երկու տարի առաջ սկսվեց Telegram-ի արգելափակման գործընթացը։ Ամեն կերպ փորձեցին փակել, բայց Telegram-ը կարողացավ դիմակայել։ Ճիշտ է մի քիչ ավելի դժվարությամբ էր աշխատում, բայց էլի հասանելի էր։ Հիմա այն հասանելի է նաև Իրանում։ Չնայած այնտեղ էլ են ուզում խանգարել։ Telegram-ի կառուցվածքն այնպիսին է, որ ինքն անընդհատ իր IP հասցեները փոխում է։ Փակեցիր մի IP-ն, ինքը սկսում է մեկ այլ IP-ով աշխատել: Սակայն այսօր համաշխարհային այդ պատժամիջոցների հետևանքով բոլորը Telegram-ին օգնում են։

-Այլ ի՞նչ հարթակներ կան, եթե հանկարծ Telegram-ն էլի անհասանելի դառնա:

-Telegram-ը չեն կարող փակել։ Ուրիշ հարց, որ այն կարող է ռուսական իշխանությունների հետ մտնել համագործակցության։ Այդ վտանգը կա, բոլորը դրա մասին խոսում են, բայց առայժմ ոչ մի ապացույց չկա։

-Ֆեյսբուքի արգելափակմամբ ի՞նչ խնդիրներ ստեղծվեցին հատկապես Ռուսաստանում ապրող կամ գործուղման մեջ գտնվող հայերի համար։

-Ես կարծում եմ, որ դրա դեմ պայքարելու ձևը բոլորը գիտեն։ Դա VPN-ն է։ Ես օրինակ Proton-ն եմ օգտագործում, բայց այն իր տարածվածությամբ Ռուսաստանում 10-րդն է։ Շատ կան այլ VPN-ներ։ Պետք է փնտրել Google-ում։

VPN ծառայությունների վճարման հետ կապված նրբություններ կան։ Անվճար VPN-ներն, ասում են, որ հուսալի չեն։ Վճարովիների հետ կապված էլ հարց է առաջանում՝ ո՞նց վճարես։ Ռուսաստանից վճարել հնարավոր չէ։ Դրա համար մնում են միայն անվճարները։ Անցած տարի ռուսները փորձեցին  VPN-ն էլ փակել։ VPN-ի տվյալների հոսքն այնպիսի է, որ վերահսկողը կարող է հասկանալ, որ սա VPN է։ Չեն հասկանում ինչ է գնում, բայց սարքը տեսնում է, որ սա VPN տվյալների հոսք է։ Դրա դեմ էլ կա պայքար։ VPN-ները քողարկում են իրենց հոսքը, որ ստուգող սարքը չհասկանա։

 

-Ի՞նչ է սպառնում այն մարդկանց, ովքեր Ռուսաստանում կփորձեն արգելափակված կայքեր մտնել VPN տեխնոլոգիայով։ Այս հարցը կարևոր է, քանի որ Ռուսաստանում մենք ունենք մոտ 2 միլիոնանոց համայնք։

-Չէ, հանցագործություն չէ VPN օգտագործելը։ Ընդհանրապես դա չի կարող համարվել հանցագործություն, որովհետև ամբողջ բիզնեսը, կլիենտ-բանկ համակարգերը իրար մեջ օգտագործում են VPN: Եթե դու VPN-ը փակեցիր, ապա քեզ մոտ տնտեսությունը կանգնում է։

-Միջազգային խոշորագույն ինտերնետ օպերատորներ Cogent-ը և Lumen-ը անջատվեցին ռուսական համացանցից։ Նրանց միացավ նաև London Internet Exchange-ը։ Ի՞նչ եք կանխատեսում, այս սահմանափակումներով արդյոք Ռուսաստանը դրդված չի՞ լինելու ստեղծել իր ներքին գլոբալ ցանցը:

-Դա անհնար է։ Իրենք պետք է սպասեն։ Այժմ Չինաստանն է լրիվ նոր տեխնոլոգիաներով մինչև 2030 թվականը նախատեսում սարքել իր սեփական ցանցը։ Այն չի աշխատելու այն ծրագրերվ, որով այժմ աշխատում է համաշխարհային գլոբալ ցանցը, այլ այն աշխատելու է չինական ընկերությունների կողմից մշակված պրոտոկոլներով։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ այսօրվա պայմաններով Ռուսաստանը հնարավորություն ունի նման բան անելու։

 

-Իսկ հավանական համարու՞մ եք ինտերնետից ամբողջությամբ հրաժարվելը Ռուսաստանում։

-Դրա մասին էլի խոսակցություններ կան։ Ուկրաինայի կապի նախարարը դիմել էր ICAN կազմակերպությանը ,որպեսզի իրենք փակեն ru, rf, su դոմենները։ ICAN-ը հրաժարվեց այդ քայլից։ Բայց դա դեռ երկու շաբաթ առաջ էր․․․․

 

-Գիտենք, որ սահմանափակումներով պայմանավորված և ոչ միայն, ռուսալեզու ծրագրավորողները գալիս են Հայաստան։ Ի՞նչ պետք է փոխենք մենք տեխնիկապես, տեխնոլոգիական առումով նրանց աշխատանքը հեշտացնելու համար։

-Այդ ծրագրավորողները երկու խմբի են բաժանվում։ Նրանք ովքեր գալիս են և ուզում են իրենց հիմնարկը այստեղ աշխատացնել։ Իրենք փաստորեն դառնալու են մրցակից մեր IT ոլորտի համար, քանի որ շատ հայ մասնագետների են տանելու իրենց մոտ։ Մյուս խմբում նրանք են, որոնք կուզենային մեր ընկերություններում աշխատել։ Տպավորությունն այնպիսի են, որ հիմնարկ բացողների թիվն ավելի շատ է։ Ընդ որում, ասեմ՝ սա հայկական շուկա չի։ Դրսի շուկայի համար գործող ծրագրավորողներ են, գումարները ստանում են տարադրամով, ոչ ռուբլիով։ Հաշիվները էստեղ պետք է բացեն: Փաստորեն օգտագործում են այստեղի բանկային համակարգը որպեսզի հնարավորություն ունենան աշխատել դրսի հետ և ստանալ գումար։ 

 

-Իսկ ի՞նչ կլինի այստեղ մեզ մոտ, եթե ռուսական ինտերնետը անջատվի մի օր։

-Տեխնիկապես մենք ունենք այն բոլոր հնարավորությունները, որ եթե անգամ Ռուսաստանը անջատվի համացանցից, մենք շարունակենք աշխատել առնվազն այն ռեսուրսների հետ, որոնք չեն գտնվում Ռուսաստանի տարածքում։ Դրա համար հիմա պետք է նախապատրաստվել՝ ով Ռուսաստանում ունի հոսթինգ, իր վեբ կայքը տեղադրել է ռուսական հարթակներում՝ տեղափոխի։