Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liverpool
A A
Սպորտ

«Լիվերպուլը» պարտվեց «Ինտերին», բայց մտավ քառորդ եզրափակիչ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում անգլիական «Լիվերպուլը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց իտալական «Ինտերին»: Միակ գոլը 61-րդ րոպեին հեռահար հարվածով խփեց Լաուտարոն:

Չնայած պարտությանը, «Լիվերպուլը» մտավ քառորդ եզրափակիչ փուլ, քանի որ երեք շաբաթ առաջ Միլանում կայացած առաջին խաղում այն հաղթել էր երկու գնդակի առավելությամբ` 2:0:

«Ինտերը» դարձավ երկրորդ թիմը, որը վերջին մեկ տարում կարողացավ հաղթել «Լիվերպուլին» նրա իսկ հարկի տակ: Վերջին անգամ դա հաջողվել էր «Ֆուլհեմին», անցած տարվա մարտին: Իտալացիները նաև ընդհատեցին լիվերպուլցիների 7 անընդմեջ հաղթանակներից բաղկացած շարքը, որը սկսվել էր խմբային փուլի առաջին տուրից:

«Լիվերպուլը» վերջին հինգ մրցաշրջանում 4-րդ անգամ մտավ քառորդ եզրափակիչ: Լիգայի նախորդ խաղարկության քառորդ եզրափակիչում «կարմիրները» պարտվել էին Մադրիդի «Ռեալին»` 0:0, 1:3: