Ռուսաստանի հետ արտահանումները կանգ են առել․ Արտահանողների միության ղեկավար
Աջակցիր «Ա1+»-ինԱմեն ինչ կանգ է առել այս պահի դրությամբ․ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխչյյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ հետևանքներ ու խնդիրներ է արդեն առաջացրել ռուս-ուկրաինական պատերազմը արտահանման ծավալների վրա։
«ՌԴ ստոպ է տրված սաղ գործերը։ Պայմանագրերը դադարեցված են, որովհետև հիմնականում մենք ռուբլիով էինք արտահանում և ռուբլու պատճառով թերևս կանգ է առել ամեն ինչ»,- ասաց Րաֆֆի Մխչյանը՝ հավելելով, որ «այլ երկրներ արտահանելու հետ կապված խնդիրներ չկան»։
Հայաստանի արտահանողների միության ղեկավարի խոսքով, եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարի, ապա շատ վատ հետևանքներ կունենա Հայաստանի համար։
«Սրա մասին պետք էր ժամանակին մտածել։ Արտահանման առյուծի բաժինը չպետք է միայն Ռուսաստանով սահմանափակվեր»,- ասաց Րաֆֆի Մխչյանը։
Հարցին՝ այս խնդիրները փորձե՞լ են քննարկել երկրի ղեկավարության հետ, արտահանողների միության ղեկավարն ասաց՝ այս հարցով նման քննարկում չի եղել։
«Ա1+»-ի հարցին՝ փորձե՞լ եք արտահանմամբ զբաղվող մասնավոր ընկերությունների հետ քննարկել այս խնդիրը, Րաֆֆի Մխչյանն ասաց, որ ինքը ևս մասնավոր ընկերության ղեկավար է և տուժել է։
«Այս պահին իմ արտահանումը տեղի չի ունեցել։ Սուրճ եմ արտահանում, իսկ այդ մարդը չի կարողանում գումարները փոխանցի, որովհետև իրենց համար շատ թանկ է այս ապրանքը»,- պարզաբանեց Րաֆֆի Մխչյանը և ընդգծեց, որ վախենում է չկարողանա ռեալիզացնել իր ապրանքը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ից սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո միջազգային կառույցների կողմից շարունակաբար տնտեսական լուրջ սանկցիաներ են կիրառվում ՌԴ-ի նկատմամբ, որոնք ազդեցություն են ունենում նաև Հայաստանի տնտեսության վրա։