Բացել լրահոսը Փակել լրահոսը
275030118_1613670588969414_8214805999784833588_n
A A
Հասարակություն

Մերկասառույցի պատճառով տեղի ունեցած ավտովթարից մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը

Արցախի պետական համալսարանը տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։
 
Ա. Դանիելյանը 2018 թվականից ոչ ֆորմալ կրթական ծրագրով մեդիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար։ Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «Լրագրություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում։
 
Նա իր մարդկային որակների, մասնագիտական կարողությունների ու լրագրողական մեծ փորձի շնորհիվ վայելում էր ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը։
 
ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը ցավակցում են Անահիտ Դանիելյանի հարազատներին ու մտերիմներին և կիսում կորստյան ծանր վիշտը։ Ա. Դանիելյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։
 
 
 
ՀՀ ԱԻՆ-ը այս վթարի մասին այսօր հաղորդագրություն է տարածել․
 

Մարտի 4-ին, ժամը 17:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածի 17-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով բախվել են «Mercedes-Benz Vito» (վարորդ՝ Գ. Շ.,  ծնված 1966 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1970 թ.) մակնիշի ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Mitsubishi pajero» ավտոմեքենայի ուղևոր Ա. Դ.-ի (ծնված 1977 թ.) դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: