Մահացել է Մասլաչենկոն
74 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի դարպասապահ եւ ֆուտբոլային մեկնաբան Վլադիմիր Մասլաչենկոն:
Նա, կարելի է ասել, եղել է միակ մարզական հեռուստալրագրողը, որը ժամանակին հանդես է եկել վարպետ թիմերում, իսկ խաղացողի կարիերան ավարտելուց հետո շատ վարժ կաշվե գնդակը փոխարինել է մեկնաբանի խոսափողով: Դա էր պատճառը, որ Մասլաչենկոն շատ պրոֆեսիոնալ մակարդակով էր լուսաբանում ֆուտբոլային խաղերը:
Նա միաժամանակ իր աշխատանքին մոտենում էր շատ ստեղծագործաբար, ուստի զարմանալի չէ, որ նրա մի քանի մեկնաբանությունները դասվում են գլուխգործոցների թվին: Մասնավորապես, Ուկրաինա - Հայաստան ընտրական խաղին ասել էր հետեւյալը. «Հայ ֆուտբոլիստը Ուկրաինայի հավաքականի խաղացողի վրայից բարձրացավ իր պարտականությունները կատարելու զգացումով» ("Армянский футболист поднялся с игрока сборной Украины с чувством выполненного долга"):
Նշենք, որ անվանի ֆուտբոլիստի եւ հեռուստալրագրողի թաղումը տեղի կունենա հինգշաբթի` Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանոցում: Հուղարկավորությունը կսկսվի նրան հոգեհարազատ դարձած «Օստանկինոյի» հեռուստակենտրոնից: