
Ռուսաստանցի շախմատիստները Վլադիմիր Պուտինին՝ դադարեցրե՛ք պատերազմը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի տասնյակից ավելի շախմատիստ-շախմատիստուհիներ բաց նամակով դիմել են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Դիմում Ռուսաստանի Դաշնության նախագահին`
ռուս շախմատիստներից․
Մենք դեմ ենք Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին և կոչ ենք անում շուտափույթ դադարեցնել կրակը և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և դիվանագիտական բանակցությունների միջոցով։ Մեզ համար անտանելի ցավ է տեսնել այն աղետը, որը տեղի է ունենում այս օրերին մեր ժողովուրդների համար։
Մենք միշտ Ռուսաստանի համար խաղացել ենք անհատական և, առանձնակի հպարտությամբ, թիմային մրցումներում։ Մենք կարծում ենք, որ շախմատը, ինչպես սպորտն ընդհանրապես, պետք է համախմբի մարդկանց։ Ամենադժվար և հեղինակավոր միջազգային մրցաշարերը մեր երկրում անցկացվեցին ամենաբարձր մակարդակով նույնիսկ համաճարակի պայմաններում։
Շախմատը սովորեցնում է պատասխանատվություն սեփական արարքների համար. յուրաքանչյուր քայլ կարևոր է, և սխալը կարող է հանգեցնել անվերադարձ ճակատագրական կորստի: Եվ եթե դա միշտ եղել է սպորտի մասին, ապա այժմ վտանգված են մարդկանց կյանքը, տարրական իրավունքներն ու ազատությունները, մարդկային արժանապատվությունը, մեր երկրների ներկան ու ապագան։
Այս ողբերգական օրերին մենք մտածում ենք բոլոր այն մարդկանց մասին, ովքեր հայտնվել են այս սարսափելի հակամարտության կենտրոնում։ Մենք ցավը կիսում ենք մեր ուկրաինացի գործընկերների հետ և խաղաղության կոչ ենք անում։
Ուկրաինայի շախմատի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն է, մեր թիմերի հետ մեկտեղ աշխարհի լավագույն թիմերից մեկը։ Մենք անցկացրինք տասնյակ հանդիպումներ և հարյուրավոր խաղեր։ Մենք սպորտային մրցակցությունը միշտ վեր ենք դասել քաղաքականությունից, և ուկրաինացիները նույնով են պատասխանել մեզ։ Մենք խնդրում ենք պահպանել երկու երկրների թիմերի, խաղացողների և հասարակ մարդկանց փոխադարձ հարգանքի հնարավորությունը։
Մենք խաղաղության կողմնակից ենք. Դադարեցրեք պատերազմը»:
Դիմումի տակ ստորագրել են՝
Յան Նեպոմնյաշչի, Ալեքսանդրա Կոստենյուկ, Դանիիլ Դուբով, Պյոտր Սվիդլեր, Անդրեյ Եսիպենկո, Մաքսիմ Մատլակով, Կիրիլ Ալեքսեենկո, Ալեքսանդր Մոտիլև, Միխայիլ Կոբալիա, Եվգենի Նայեր, Պավել Տրեգուբով, Ալեքսանդր Խալիֆման, Պոլինա Շուվալովա, Իգոր Լիսիյ, Մարկ Գլուխովսկի, Մաքսիմ Նոտկին, Մաքսիմ Չիգաև, Անաստասյա Չիգաևա, Օլգա Բադելկո, Պավել Պոնկրատով, Ալեքսանդր Շիմանով, Դանիիլ Յուֆֆա, Կոնստանտին Մեսրոպով, Սվետլանա Երշովա, Եվգենի Եգորով, Աննա Վոլկովա, Էթերի Կուբլաշվիլի, Յանա Սիդորչուկ, Աննա Բուրտասովա, Դենիս Գրիգորչուկ, Իլյա Գորոդեցկի, Օլեգ Պերվակով:
Հիշեցնենք, որ ռուսական զորքերը Ուկրաինա են ներխուժել փետրվարի 24-ին: Արդեն 7 օր է շարունակվում են ռազմական գործողությունները: Այսօր սկսվել է երկու երկրների պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: