Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Տնտեսություն

ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա փրոջեքթս»-ում

այաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։

Հայտնում են ԱՆԻՖ-ից, նշելով, որ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Ընկերության երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են։

«Հաջողված և աճի պոտենցիալ ունեցող ծրագրերում ներդրումները հավելյալ տնտեսական արդյունք են ապահովում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և զարգացման հեռանկար։ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդն առավելագույնս դիվերսիֆիկացնում է իր պորտֆելային ծրագրերը՝ թե՛ ոլորտների և թե՛ աշխարհագրության առումով։  «Ապագա Փրոջեքթս»-ի հետ համատեղ նախաձեռնությունը կարևոր է հատկապես մարզերում ժամանակակից, կենսունակ, մրցակցային ծրագրի ընդլայնման և համայնքի համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման առումով»,- մեկնաբանելով ծրագիրը՝ նշել է ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրեն Բելլա Մանուկյանը:

«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Տիգրան Չիբուխչյանն էլ ընդգծել է, որ պետական և մասնավոր ոլորտի արդյունավետ համագործակցության հերթական այս ձևաչափը պետք չէ դիտարկել բացառապես բիզնես և ներդրումային առանցքում։

«Այս համագործակցությունը նախևառաջ ուղղված է 200 ընտանիքից բաղկացած համայնքի զարգացմանը և համայնքային կյանքի բարելավմանը, այդ թվում՝ մեր մարզում աշխատատեղերի ստեղծման միջոցով։ Հենց այս տրամաբանությունն է դրված եղել Ենոքավանում 15 տարի առաջ իմ ընտանիքի կողմից իրականացված նախաձեռնության հիմքում. բարեխիղճ և ընդլայնվող բիզնեսի միջոցով նպաստել նաև տարածաշրջանի զարգացմանը», - ասել է նա:

«ԱՆԻՖ»-ի և «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ միջև համագործակցությունն ուղղված է լինելու «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի կառուցմանը և սպորտային զվարճության նոր հարթակի ներդրմանը, ինչպես նաև՝ «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացմանը և համարային ֆոնդի ավելացմանը։

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Յելլը կկարողանա երեք անգամ ավելացնել թողունակությունը և գրեթե կկրկնապատկի ընձեռնված կայուն աշխատատեղերի քանակը։