Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլ Կլասիկոն» ավարտվեց ջախջախումով

Սպորտ
949211cc84c5b87fd9b90d032ba529ce

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» երկրի առաջնության 13-րդ տուրի վերջին խաղում 5:0 հաշվով ջախջախեց իր ամենաոխերիմ մրցակցին` Մադրիդի «Ռեալին»:

Երեկ «Նոու Կամպ» ստադիոնում կայացած հերթական` թվով 161-րդ «Էլ Կլասիկոն», իսկական իրարանցում էր առաջացրել ոչ միայն Պիրենեյներում, այլեւ ողջ աշխարհում: Խաղը լուսաբանելու համար հայտ էին ներկայացրել 28 երկրների 159 լրատվամիջոցներ, այդ թվում 39 հեռուստաընկերություններ եւ 72 օրաթերթեր: Հանդիպման օրը խաղի տոմսերի գինը «սեւ շուկայում» հասել է մինչեւ 3000 եվրոյի:

«Այսօր մի թիմը շատ լավ խաղաց, իսկ մյուսը` շատ վատ: Ես չեմ համարում, որ մրցակիցը մեզ ստորացրել է: Մենք շատ արագ կհաղթահարենք այս պարտությունը: «Բարսելոնան» արդեն կայացած թիմ է, իսկ «Ռեալը» դեռ այդ ճանապարհի վրա է գտնվում»,- հանդիպումից հետո հայտարարել է մադրիդցիների գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը, ի դեպ, իր կարիերայում կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը:

«Ես ինքնին գոհ եմ խոշոր հաղթանակով, բայց առավել շատ գոհ եմ այն բանի համար, թե ինչպես հասանք դրան: Ես հպարտ եմ իմ խաղացողներով, որոնք կարողացան հաղթել այնպիսի մի թիմի, որը մինչ այդ պարտություն չէր կրել ոչ առաջնությունում, գավաթի խաղարկությունում եւ չեմպիոնների լիգայում» - խաղի ավարտից հետո ասել է դաշտի տերերի գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլան:

Նշենք, որ այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակած միավորներով շրջանցեց հենց «Ռեալին» եւ սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: