Պանթեոն` մինչ բանակ մեկնելը
Արմենը իրենց տան փոքրն է ու եղբայրներից վերջինը, ով զինվորական ծառայության է մեկնում: Բանակային կյանքի մասին եղբայրներից է լսել եւ գիտի սահմանին պետք է զգոն լինել, ծառայություն մեջ` կարգապահ:
Նա աշնանային զորակոչի հերթական` թվով 4-րդ նորակոչիկների խմբում է, ովքեր զինկոմիսարիատի բակից ուղեւորվեցին դեպի զոհված սիսիանցի ազատամարտիկների պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հերոսներին:
Սիսիանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովսեփյանի պատմելով ` Սիսիանի ջոկատի տղաները ռազմի դաշտ մեկնելուց առաջ նախ այցելում էին եկեղեցի, հետո իրենց մարտական ընկերների շիրիմներին` երդվում կռվել մինչեւ վերջ ու աներեր պահել հայրենիքի անդորրը:
Սիսիանի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի խոսքերով` զորակոչիկների հետ էլ բացատրական աշխատաներն են տարվում:
Սիսիանում աշնանային զորակոչն այս պահի դրությամբ նորմալ է ընթանում: Կապիտան Հարությունյանը կարեւորում է նաեւ հավատով ծառայելը:
ՙՊանթեոն եւ եկեղեցի այցելելը իր նպաստավոր ազդեցությունը կունենա երիտասարդների հոգեբանության վրա, դա էլ անշուշտ կանդրադառնա լավ ծառայության վրա՚,- ասում է Սիսիանի զորակոչի բաժանմունքի պետը:
Նորակոչիկներից յուրաքանչյուրը Սիսիանի Սյունի վանքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում իր մոմը վառեց եւ աղոթքը հղեց առ Աստված: Վաղն արդեն զինվոր Արմենը կարծում է. ՙ2 տարի ծառայելը ոչ թե պարտականություն է, այլ պարտք ու պարտավորություն սեփական երկրի եւ ժողովրդի հանդեպ՚:
Արմեն Հովակիմյան
Սիսիան