Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերաբացվեց Մշակույթի կենտրոնը

Մարզեր

1960-ականերին Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված Սիսիանի մշակույթի տանը հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են 2009թ. օգոստոսից` Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Սիսիանի քաղաքապետարանի 10 տոկոս ներդրմամբ: Աշխատանքների ընդհանուր ծավալը 110 մլն դրամ է:

Համո Սահյանի անունը կրող մշակույթի տունը այժմ ժամանակակից տեսք ու հարմարություններ ունի` ավելի մեծ բեմահարթակ, նոր, 100 քառ. մ ընդհանուր մակերեսով երկհարկանի կցակառույց` հետնամուտքով, հարդարման սենյակներով, սանհանգույցով, նախաբեմով: Առաջին հարկում առանձնացված են նիստերի սրահը, երաժշտական խմբասենյակները, խոհանոցը: Առաջիկայում կգործի նաեւ սահյանական անկյուն:

Դահլիճի 340 աթոռների ձեռքբերումն իրականացվել է Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով` մեկ այլ ծրագրի շրջանակում: Հիմնադրամը կլուծի նաեւ գրասենյակային սեղանների, պահարանների եւ հանդերձարանի կահավորման խնդիրները:

Այս ձմռանն արդեն ջեռուցման խնդիր չեն ունենա ինչպես մշակույթի կենտրոնում, այնպես էլ կից գործող գրադարանում: Կաթսայատան սարքավորումների եւ ջեռուցման մարտկոցների ձեռքբերման հարցում աջակցել է միջազգային RTI կազմակերպությունը:

ՙՄշակույթի ասպարեզում սիսիանցիներս տվել ենք մեծություններ` քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, նկարիչ Զախար Խաչատրյանը եւ շատ ու շատ այլոք: Այսօր երբ որ ունենք նոր մշակույթի տուն` նորոգված, բնականաբար շատ ավելի միջոցառումներ կկազմակերպվեն մեր ուժերով եւ կհրավիրվեն մշակութային կազմակերպություններ, երգչախմբեր, որ կարողանա Սիսիանի հասարակությունը օգտվի մշակույթից՚,- ասաց է Սիսիանի համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը:


Արմեն Հովակիմյան
Սիսիան