Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga (1)
A A
Սպորտ

Հայկական թիմերի նախկին մրցակիցները ավարտեցին ելույթները Եվրոպայում

Եվրոպայի ֆուտբոլային խաղադաշտերում կայացան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգայի անցումային փուլի պատասխան հանդիպումները:

 

Դրանցից հետո չորս երկրներ կորցրին իրենց վերջին մասնակցին: Դա նախևառաջ Մոլդովայի չեմպիոն «Շերիֆն» է, որը ծանոթ է հայ երկպագուներին, քանի որ չեմպիոնների լիգայի որակավորման փուլում մոլդովացիները հաղթել էին Երևանի «Ալաշկերտին»: Տիրասպոլի թիմը, որը չեմպիոնների լիգայում անգամ հաղթել էր Մադրիդի «Ռեալին», այս անգամ 11մ հարվածներով պարտվեց պորտուգալական «Բրագային»` 2:0, 0:2, 11մ` 2:3:

 

Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլում «Ալաշկերտի» նախկին մրցակից Թել Ավիվի «Մաքաբին» երկու խաղերի արդյունքներով զիջեց նիդեռլանդական ՊՍՎ-ին` 0:1, 1:1: Իսրայելը նույնպես կորցրեց իր վերջին մասնակցին:

 

Նույն ճակատագրին արժանացան նաև Խորվաթիան ու Ադրբեջանը: Զագրեբի «Դինամոն» Եվրոպայի լիգայի անցումային փուլում պարտվեց իսպանական «Սևիլյային»` 1:0, 1:3: Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» թիմը Կոնֆերենցիայի լիգայում բոլոր առումներով զիջեց ֆրանսիական «Մարսելին»` 1:3, 0:3:

 

Երկու մրցաշարի անցումային փուլում կորուստներ չկրեցին Պորտուգալիան, Նիդեռլանդները և Անգլիան: Իսկ ահա Իտալիայի երկու ակումբներ միանգամից դուրս մնացին Եվրոպայի լիգայից: Հռոմի «Լացիոն» զիջեց պորտուգալական «Պորտուին»` 2:2, 1:2, իսկ «Նապոլին»` իսպանական «Բարսելոնային»` 1:1, 2:4:

 

Ինչ վերաբերում է անակնկալներին, ապա դա նախևառաջ նորվեգական «Բուդյո-Գլիմտի» հաղթանակներն են շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ` 2:0, 3:1: Իսկ ահա շոտլանդական «Ռեյնջերսը», որը նույնպես «Ալաշկերտի» նախկին մրցակիցն էր, պայքարից դուրս բերեց Գերմանիայի առաջնության առաջատարներից մեկին` Դորտմունդի «Բորուսիային»` 4:2, 2:2:

 

Առաջիկայում կկայանան այդ մրցաշարերի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի ընթացքում հայտնի կդառնա նաև Հռոմի «Ռոմայի» մրցակիցը, որի կազմում հանդես է գալիս մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: