Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 16.02.
A A
Սպորտ

«Ռոման» չի արդարացնում ծախսերը

«Հռոմի «Ռոման» չնայած մեծ գումարներ է ծախսում ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա, սակայն չի կարողանում ապահովել անհրաժեշտ արդյունք, - գրում է newsasroma կայքը։

Մասնավորապես` հռոմեական ակումբը տարեկան աշխատավարձերի վրա ծախսում է 94 մլն եվրո: Այդ ցուցանիշով այն շատ քիչ է հետ մնում Ա սերիայի ամենահարուստ ակումբներից` «Ինտերից», «Միլանից» և «Յուվենթուսից», սակայն վաստակած միավորներով զիջում է ոչ միայն նրանց, այլև ավելի քիչ բյուջե ունեցող «Ատալանտային», «Նապոլիին» և «Լացիոյին»:

Ըստ աղբյուրի, «Ռոմայի» հարձակվող Աբրահամը տարեկան ստանում է 5 մլն եվրո: Ապա հաջորդում են Հենրիխ Մխիթարյանը, Պելեգրինին` 4-ական, Սմոլինգը` 3,8 մլն: Համեմատության համար պետք է նշել, որ «Ատալանտայի» ուկրաինացի հարձակվող Մալինովսկին տարեկան ստանում է 1,5 մլն եվրո, սակայն նրա թիմը պայքարում է չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, իսկ «Ռոման» եվրոգավաթային գոտուց դուրս է գտնվում:

Լրատվամիջոցի կարծիքով հռոմեական ակումբն այնքան էլ հաջող չի ծախսում գումարները, բացի այդ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին չի հաջողվում լիովին օգտագործել ֆուտբոլիստների հնարավորությունները: Առաջիկայում հռոմեական ակումբին սպասվում են սկզբունքային հանդիպումներ գլխավոր մրցակիցների հետ:

Մարտի 5-ին «Ռոման» իր հարկի տակ ընդունելու է «Ատալանտային», իսկ 20-ին` «Լացիոյին»: Հիմնականում այդ խաղերի արդյունքներից է կախված, արդյոք թիմը կկարողանա պայքարել չեմպիոնների լիգայի համար, թե նորից ստիպված կլինի բավարարվել Կոնֆերենցիաների լիգայի ցածր մակարդակի խաղերով: