Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի գավաթում
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 12-ին և 13-ին Մինսկում կայացավ Սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, ուր Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին առաջին մեդալները:
Բելառուսի Նախագահի մրցանակների խաղարկության ավանդական մրցաշարը՝ պայմանավորված սամբո մարզաձևի օլիմպիական ճանաչում ստանալով և վարկանիշային կարգավիճակ ձեռք բերելով 2022-ից կրում է նոր կարգավիճակ, ուր մրցամարտերն անց են կացվում նոր կանոններով, նոր քաշային կարգերով, մրցագորգի նոր չափսերով: Առաջնությանը մասնակցում էին 11 երկրի ավելի քան 150 մարզիկ: Այս տարի Հայաստանը ներկայացնում էին 7 սամբիստ:
Հատկանշական է, որ մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում ներկայացված էր միաժամանակ երեք հայ մարզիկ: Մեր վաստակաշատ սամբիստներից՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, անշուշտ, հավակնորդներից առաջինն էր:
Տիգրանը, վիճակահանության արդյունքում բաց թողնելով առաջին գոտեմարտը, նախ հաղթեց բելառուսցի Իլյա Մայոռովին, հետո՝ ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին և եզրափակչում հանդիպեց թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին:
Դավիթը մինչ այդ հաղթել էր ղազախ Կայիրբերդի Այդինբային, մոլդովացի Լուլիան Առապանին, ապա՝ ընկերոջն ու հայրենակցին, Կարեն Սարգսյանին:
Տիգրանի ու Դավիթի եզրափակիչ գոտեմարտը լարված էր, բայց տարիքային 10 տարվա տարբերությունն ու փորձառությունը զգացնել տվեցին. Տիգրանն արժանացավ ոսկե, Դավիթը՝ արծաթե մեդալի: Այս քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Կարեն Սարգսյանը հաղթեց մոլդովացի Լուլիան Առապանին:
Մարզական սամբոյի 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Կառլեն Մահինյանը: Նա հաղթելով ՌԴ-ն ներկայացնող Գևորգ Գզիրյանին, բելառուսցի Իվան Լուկաշուին, մոլդավացի Վասիլի Չիրյակովին, եզրափակչում հանդիպեց վրացի Մինդիա Լիլուաշվիլիի հետ և պարտվեց՝ բավարարվելով արծաթե մեդալով:
Հավելենք, որ 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Դավիթ Գրիգորյանը, իսկ մարզական սամբոյի +98 կգ քաշային Արման Մանուկյանը և մարտական սամբոյի 58 կգ քաշային Արմեն Մնացականյանը տուն կվերադառնան ձեռնունայն:
Այդպիսով, 2022թ. սամբոյի Եվրոպայի գավաթի առաջնությանը մերոնք նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթ, 2 բրոնզե մեդալ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա