Բացել լրահոսը Փակել լրահոսը
d4ca6cba-7ea2-4218-bd2e-a5ac4adff5e8_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդում է, թե հայկական կողմը չի կատարել միջազգային հումանիտար պարտավորությունները․ Ազատություն

Այսօր Բաքվում կայացած ասուլիսում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձել է ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների հարցին, ովքեր, ըստ Բաքվի, հուղարկավորվել են զանգվածային գերեզմաններում։ Այս մասին տեղեկացնում է Ազատությունը։

Երբ օրերս Ադրբեջանը վերադարձրեց հայ գերիների վերջին՝ ութ հոգանոց խմբին, այդ երկրի գերիների և անհետ կորածների հանձնաժողովը հայտարարեց, թե Բաքուն փոխարենը Հայաստանից տեղեկություն է ակնկալում 90-ականներին ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին։

Բայրամովն այսօր նշել է, որ Բաքուն տասնամյակներ շարունակ ամենատարբեր հարթակներում բարձրացրել է այս հարցը: Նա պնդել է, թե 44-օրյա պատերազմից առաջ հայկական կողմը միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած պարտավորությունները չի կատարել, և այս ուղղությամբ պաշտոնական Երևանի աշխատանքը զրոյական է:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով, այս հարցը բարձրացվել է նաև փետրվարի 4-ին Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի, Էմանյուել Մակրոնի և Շառլ Միշելի մասնակցությամբ քառակողմ հեռավար հանդիպման ժամանակ:

«Վիճակագրական տվյալների համաձայն, անհետ կորած անձանց թիվը 3890 է կազմում, որոնցից 719 երեխաներ, կանայք և քաղաքացիական անձինք են: Այդ քննարկման ժամանակ Հայաստանի վարչապետը խոստացել է համագործակցել այս հարցում: 30 տարի անց հայկական կողմը ամենաբարձր մակարդակով խոստացավ համագործակցել: Ավելի ուշ մենք ականատես դարձանք պարադոքսալ և անտրամաբանական հայտարարությունների: Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, թե այս հարցով ոչ մի խոստում չի տրվել: Ամբողջովին աբսուրդ այս հայտարարությունը, որը չի տեղավորվում միջազգային իրավական և բարոյական նորմերի, մարդկայնության սկզբունքների մեջ, հիասթափություն և զարմանք և բացասական հույզեր է առաջացնում: Ադրբեջանը շարունակելու է հետևողականորեն և համառորեն զբաղվել այս հարցով: Վաղուց ժամանակն է, որ միջազգային կառույցներն ու աշխարհի պետությունները այս հարցով մեծացնեն ճնշումը Հայաստանի վրա», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում